Ինչ տարբերություն փողոցի և շուկայի միջև, եթե մթերքը վաճառվում է արևի տակ. վաճառողին և սպառողին լավ պայման չի առաջարկվում

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի և փողոցում առեւտուր անողների պայքարը պարբերաբար էլ ավելի է սրվել: Քաղաքի գեղագիտության նկատառումներով և փողոցում վաճառվող սննդից թունավորման դեպքերից խուսափելու համար փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ հեռացնում են այդ տարածքներից՝ երբեմն խլելով նրանց վաճառվող մթերքը: Այդ մարդկանց քաղաքապետարանը հորդորում է աշխատել գյուղմթերքի շուկաներում:

Բայց արդյո՞ք Երևան քաղաքի գյուղմթերքի շուկաներում իրավիճակը այլ է, արդյոք այնտեղ պահպանվում են սննդի անվտանգության կանոնները, և առևտրակաների՝ փողոցից շուկա գնալը նշանակելու է, որ աշխատելու են բավարար սանիտարահիգիենիկ պայմաններում եւ նրանց վաճառած մթերքը փողոցում վաճառվելու համեմատ առավել անվտանգ է լինելու:

Թե Երևանում գյուղմթերքի քանի շուկա կա ընդհանուր առմամբ, դրանք որքանով են հասանելի բնակչությանը, վարչական շրջաններից յուրաքանչուրում կա՞ գոնե մեկը, պետական մարմիններից պարզել մեզ այդպես էլ չհաջողվեց: Ֆինանսների նախարարությունից ընդամենը ընկերությունների մի ընդհանուր ցանկ տրամադրեցին՝ պազաբանելով, որ նախարարությունը տարանջատում չի իրականացնում՝ դրանց որ մասն է գործունեություն իրականացնում գյուղմթերքի ոլորտում: Այսինքն՝ հնարավոր է՝ նախարարության կողմից հաշվառվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, և այն աշխատացնում է շուկա կամ առևտրի կենտրոն:

«Հայկական Ժամանակը» նաեւ շրջայց կատարեց Երևանում հայտնի մի քանի շուկաներում՝ ծանոթանալու, թե ինչ պայմաններ են առաջարկվում այնտեղ:

Էրեբունի վարչական շրջանում գտնվող Կայարանի գյուղմթերքի շուկայում, օրինակ, փողոցային առևտրից այդքան էլ չէր տարբերվում: Թեպետ առևտուրն այստեղ իրականացվում էր և´ դրսում, և´ ներսում, երկու վայրերում էլ մթերքը հաճախ գետնին էր, սննդի անվտանգության կանոններն էլ չէին պահպանվում: Ներսում վաճառվող կաթնամթերքը, հացը և թթուն, օրինակ, ամբողջությամբ բաց էին, իսկ քաղաքացիները ձեռքով դիպչում էին դրանց:

Նույն պատկերին էր նաև շուկայի դրսում, որտեղ փոշու և կեղտի մեջ էր վաճառվում մթերքը, որոշ բանջարեղեներ էլ լցված էին գետնին:

Երևանի Մալաթիա շուկայում իրավիճակը գրեթե նույն էր. դրսում վաճառվող մթերքը արևի տակ էր, թեև ներսում բանջարեղենը էլ վաճառվում էր փոշու և կեղտի մեջ, այսինքն՝ շուկայում պատկերը նույն էր ինչ փողոցային առևտրի դեպքում է: Թեև այստեղ միայն կաթնամթերքն էր, որ վաճառվում էր փակ սառանարաններում:

Պատկերն այլ էր էրԵրևանի կենտրոն վարչական շրջանում գտնվող թիվ 2 գյուղմթերքի շուկայում (Գումի շուկա): Այստեղ ապրանքը վաճառվում է համեմատաբար կոկիկ և մաքուր վայրում: Թեև որոշ ապրանքներ բաց էին, բայց դրանց վաճառասեղանները բավականին բարձր էին գետնից: Կաթնամթերքը փակ էր, սառնարանի մեջ:

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել՝ եթե փողոցային առևտրով զբաղվող մարդկանց առաջարկվում է գնալ և առևտուրն իրականացնել գյուղմթերքի շուկաներում, ապա այս դեպքում, երբ թե՛ շուկայում, և դրսում ապրանքը վաճառվում է արևի տակ, քաղաքապետարանը ինչ է առաջարկում: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան նշեցին՝ «Շուկայից ներս իրականացվող առևտրի նկատմամբ քաղաքապետարանը ազդեցության որևէ լծակ չունի, շուկայում տիրող իրավիճակի համար պատասխանատու են գյուղմթերքի շուկայի տնօրինությունը, քաղաքապետարանի լիազորությունները սահամանափակվում են փողոցային առևտրով»:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ փողոցային առևտրի դեմ որպես արդյունավետ միջոց քաղաքապետարանը հիմա որոշակի օրենքներում փոփոխության նախագիծ է մշակում. Դա հնարավորություն կտա առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցներին, որպես տուգանքի վճարման երաշխիք առգրավել փողոցային ապօրինի առևտրի կետում վաճառվող ապրանքը, եւ այն վերադարձնել այն դեպքում, երբ քաղաքացին վճարի տուգանքը: Գործող օրենսդրությամբ վարչության աշխատակիցը տուգանում է փողոցային առևտրով զբաղվող անձանց, վերջինս չի վճարում, և հարցը դրանով փակվում է»,- ասել էր նա:

Այս տարբերակը, Կարապետյանի կարծիքով, կանխարգելիչ ազդեցություն կունենա փողոցային առևտրի դեմ պայքարում: Իսկ եթե քաղաքացին այդ դեպքում այլեւս հետ չվերցնի ապրանքը, փոխարենը այլ ապրանք բերի և վաճառի, Կարապետյանի խոսքով՝ ինքն իր ապրանքը կկորցնի, ապրանքը կորցնելով՝ կկորցնի նաև գումարը, դա անվերջ չի կարող շարունակվել: «Բայց եթե մեր քաղաքացիները պատրաստ են դրան, ուրեմն իրենք ապօրինի ապրանք կբերեն փողոցում վաճառելու և կկորցնեն: Մենք ակնկալիք ունենք, որ դա արդյունավետ կերպով կաշխատի և կօգնի լուծել խնդիրը»:

Թե որքան կտևի քաղաքապետարանի և փողոցային առևտրակաների միջև ընթացող պայքարը, դեռևս հայտնի չէ: Թեև օրեր առաջ էլ Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները վերցրել էին Մաշտոցի պողոտայի մի հատվածում բացօթյա առևտրով զբաղվող առևտրականների ապրանքները: Առևտրակնները մեզ հետ զրույցում նշեցին՝ աշխատակիցները գրեթե ամեն օր գալիս և զգուշացնում են իրենց, որ հեռանան, իրենց հետ վերցնում են առևտրականների մթերքը: «Մենք չգիտեն, թե վերջը ոնց է լինելու, բայց չենք պատրաստվում փողոցային առևտուրը փոխարինել շուկայի առևտրով, քանի որ մեր ստացած գնային օգուտը հարմար է այն առևտրով, ինչով որ մենք հիմա զբաղվում ենք: Իրանք ինչքան գան-գնան, մենք նորից բերելու ենք այստեղ ապրանք վաճառենք»:

Ամեն դեպքում՝ ստացվում է, որ փողոցային առևտրի և շուկաների միջև տարբերությունը էական չէ: Մթերքը շուկայում էլ հաճախ վաճառվում է արևի տակ, փոշու և կեղտի մեջ, առանց սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման: Եվ փողոցային առևտրականներին շուկա ուղղորդելով թերեւս միայն մայթերն են ազատվում ու քաղաքի արտաքին տեսքի խնդիրն է լուծվում, իսկ առեւտրի համար առավել քաղաքակիրթ պայմաններ չեն ապահովվում, բացի այդ էլ խորացվում է գյուղմթերքը սպառողին հասանելի ու մատչելի լինելու խնդիրը, որովհետեւ ինչպես հայտնի է, քաղաքի տարբեր շուկաներ ժամանակի ընթացքում սուպերմարկետների են վերածվել, իսկ միրգն ու բանջարաղենն այդտեղ էապես թանկ են: Եվ փողոցային առեւտուրն էլ բնականաբար առանց պահանջարկի չի ծաղկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ