Այսօր կմեկնարկի Արմեն Չարչյանի գործով դատական առաջին նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում այսօր կմեկնարկի «Իզմիրյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործով դատավարությունը։ Գործը կքննի դատավոր Վահե Միսակյանը։

Չարչյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):

Ըստ քրեական գործի՝ Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրյան» ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ՝ «Հայաստան» դաշինքի օգտին: Վերջինս դաշինքի անդամ և պատգամավորության թեկնածու է։

Նշենք, որ հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է։ Հուլիսի 8-ին Վերաքննիչ դատարանը նրա կալանքի մասին որոշումը թողեց ուժի մեջ։

Ցուցմունք տալուց հրաժարվող Չարչյանը չի ընդունում մեղադրանքը․ նա հայտարարել է, որ իր արարքը հանցագործություն չէ և պնդում, որ աշխատակիցներին չի հարկադրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ