Վարչապետի աշխատակազմի ՀԿՏԿ ՊՈԱԿ-ը գործարկել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ եռալեզու կայք

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայք: Կայքը աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Կառավարությունից հայտնում են, որ War.karabakhrecords.info հասցեում գործող նոր կայքի նպատակը 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում:

Կայքը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից՝

_ Ռազմական հանցագործություններ

_ Ռազմագերիներ

_ Մշակութային ցեղասպանություն

_ Ատելության խոսք

Վարձկաններ (սիրիացի ահաբեկիչների ներգրավումը պատերազմին և Թուրքիայի դերը)

Զեկույցներ (միջազգային և տեղական)

Կայքում ներկայացված տեղեկատվությունը անգլերեն և ռուսերեն լեզուներով տարածվում է նաև «Karabakh Records»-ի համապատասխան սոցցանցային հաշիվներում՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Տելեգրամ ևն:

Նյութերը դեռևս մշակման փուլում են: Առաջիկայում բոլոր բաժինները կհամալրվեն: Կայքը թարմացվող է, ունի նաև լրահոսային բաժին՝ ընթացիկ թեմաները ներկայացնելու համար:

«Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» կայքում ամփոփվում են ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի բազայում հավաքված փաստերը, ապացույցները, որոնք ժամանակին նաև տրամադրվել են ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակներին, ինչպես նաև այլ պետական գերատեսչությունների: Առանձին ուշադրություն է դարձվելու նաև միջազգային լրատվամիջոցների՝ Արցախյան երկրորդ պատերազմին ունեցած անդրադարձներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ