Ինչպես Հիսուս Քրիստոսը անդամալույժին ասել է՝ վեր կաց եւ քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վեր կաց եւ քայլիր։
Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Դսեղում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտեց՝ Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին. «Թումանյանը գյուղացի մի պատանի, մի երիտասարդ, միջին, նույնիսկ կարելի է ասել աղքատ մի ընտանիքից, մի մարդ, որն ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որեւէ ժամկետ։
Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես Արարատ, որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, որը կրել է մարդկային բոլոր տառապանքները ու կյանքն ամեն անգամ փորձել է կոտրել նրան, փորձել է սպանել նրան, ցածրացնել կենցաղի մեջ, ռուբլու մեջ, մի կտոր հացի մեջ, իսկ Թումանյանը միայն իրեն հավատալով է հասել դրան, միայն կրթությանը հետեւելով, նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, դուրս է եկել, կիսատ է թողել կրթությունը:
Չարքաշ աշխատանքով է ապրել, չի ունեցել ոչ մի օգնություն, ընդհակառակը՝ ուրիշներն են իրենից օգնություն հայցել, նույնիսկ շատ դեպքերում դսեղցիներն են նեղացել՝ մտածելով, որ Թումանյանն աշխարհի բոլոր հնարավորություններն ունի, ահա այս ամեն ինչը ծանրացել է նրա ուսերին, նա չի կոտրվել, որովհետեւ հավատացել է իր ուժերին»,–նշեց վարչապետ Փաշինյանը։