Շառլ Միշելը չի կիսում Ալիևի ցանկությունը. Բրյուսելի համար Արցախի հարցը փակված չէ

44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան կես տարի է անցել, բայց լարվածությունը տարածաշրջանում պահպանվում է։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հրավիրված համատեղ ասուլիսին հայտարարեց, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին ռազմական նոր գործողություններ հրահրելու մասին տեղեկություններին, նշում է՝ Բաքուն երբևէ չի թաքցրել իր մտադրությունները և բացեիբաց հայտարարում է դրանց մասին:

Հուլիսի 14-ից սկսած ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով իրավիճակը սրվել է նաև Նախիջևանի սահմանին՝ Երասխ գյուղի ուղղությամբ: Այդ օրն առավոտյան ադրբեջանական զինուժի հետ ծավալված փոխհրաձգության հետևանքով զոհվեց մեկ հայ զինծառայող: Կրակոցները հայկական դիրքերի ուղղությամբ շարունակվեցին նաև հաջորդ օրերին: Այս լարվածությանը համընկավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային այցի հետ:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նախ Երևանում հանդիպեց Փաշինյանի, ապա Բաքվում՝ Ալիևի հետ: Եվրամիության ներկայացուցիչը Երևանում խոսեց նաև Արցախի կարգավիճակի հարցի մասին: Նա խնդրի կարգավորման չորս կետ նշեց․ առաջին՝ լուծման հասնել գերիների վերադարձի և ականապատման քարտեզների հարցում, երկրորդ՝ ձեռնամուխ լինել սահմանազատմանը՝ վիճարկվող տարածքներից հետ քաշելով երկու կողմերի զորամիավորումները, երրորդ՝ քննարկումներ սկսել ճանապարհների վերաբացման շուրջ և չորրորդ՝ քննարկել կարգավիճակի հարցը: Արցախի արտգործնախարարը ողջունում է Բրյուսելի՝ Արցախի կարգավիճակը կարևորող հայտարարությունները:

Ալիևը, որն անթաքույց հավակնություններ ունի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ Զանգեզուրը բնորոշելով որպես Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածք, Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ խոսեց խաղաղության հաստատման մասին՝ հայտարարելով, թե Ադրբեջանը վերջ է դրել երկարատև հակամարտությանը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։

Դավիթ Բաբայանը շեշտում է՝ Ալիևի՝ խաղաղության մասին հայտարարությունները կեղծ են, Բաքուն շարունակում է գործել որպես ագրեսոր: Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը ԵՄ պատվիրակության տարածաշրջանային այցը Հայաստանի համար դրական է որակում: Ըստ նրա՝ Եվրոպայի կողմից 2,6 միլիարդ եվրոյի աջակցությունը կարևոր է հետպատերազմական իրավիճակում: Փորձագետն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ, ըստ Շառ Միշելի հայտարարությունների, Բրյուսելը չի կիսում Բաքվի այն հռետորաբանությունը, թե Արցախյան խնդիր այլևս գոյություն չունի: 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ-ի միջամտությունն Արցախյան խնդրի կարգավորման հարցում նվազել է: Բանակցությունները տեղի են ունենում ու որոշումներ են կայացվում մեծամասամբ Ռուսաստանի մասնակցությամբ:

Սաֆրաստյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի այցը կնպաստի Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացմանը: Ռուբեն Սաֆրաստյանը, Շառլ Միշելի հայանպաստ քայլերին զուգահեռ, նաև խնդրահարույց կետեր է արձանագրում: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ սուվերեն տարածքը, որտեղ մայիսի 12-ից գտնվում են թշնամական պետության զինված ուժերի ներկայացուցիչները, անվանել է «վիճելի տարածքներ»: Երևանում փորձագետները միանշանակ չեն ընդունում ԵՄ ներկայացուցչի՝ «գերիների վերադարձ ականապատ քարտեզների դիմաց» ձևակերպումը, նշում են՝ սա Ադրբեջանի մոտեցումն է:

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՄ-ն էներգակիրների մասով կախվածություն ունի Ադրբեջանից: Այս տարի գործարկվել է Տրանս-Ադրիատիկ գազամուղը, որի միջոցով ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից գազը հասնում է Եվրոպա: Երեկ էլ Շառլ Միշելի հետ հանդիպմանն Ալիևը հայտարարեց, որ մեծացնել պատրաստվում են Եվրոպա ներկրվող գազի ծավալները:

Երևանում Արցախի կարգավիճակի հստակեցման մասին ուշագրավ հայտարարություն հնչեցրած Եվրոպական խորհրդի նախագահը Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը և Բրյուսելը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու հարցում: Բաքուն քաղաքական էլիտայի մակարդակով շարունակում է հակահայ քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Հայաստանի ներկայիս տարածքը արևմտյան Ադրբեջանի տարածքն է, իսկ Երևանը, Սյունիքը և Սևանը իրենց պատմական տարածքներն են:

Հայաստանի ԱԳՆ-ից այսօր հակադարձել են՝ Ադրբեջանի օրակարգը որակելով շինծու: «Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ»,- ասված է հայտարարության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ