«Նաիրին շոու է կազմակերպել․ Իր ասածները հիմարություն են և սուտ…»․ Ալեքսանդր Լապշին

Civic.am-ը հեռավար զրուցել է ռուս Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, կապված լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից հրապարակված, իր և Լապշինի նամակագրության հետ, որտեղ, ըստ Հոխիկյանի, Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Լապշինի հետ առանձնազրույցի ընթացքում ասել է, որ պատրաստվում են հանձնել Արցախը և դա անել մի քանի հազար զոհ տալուց հետո։

-Ալեքսանդր, Նաիրի Հոխիկյանը հրապարակել է Ձեր և իր նամակագրությունը, որտեղ Դուք խոսում եք Վլադիմիր Կարապետյանի հետ զրույցից։ Ի՞նչ եք խոսել Կարապետյանի հետ, ի՞նչ է նա Ձեզ ասել։ Դուք, ձեր խոսքում ասում եք, որ կարող են Ձեզ սպանել։ Ինչու՞ պետք է Փաշինյանը ցանկանար Ձեզ սպանել։

-Նաիրին կտրել է իմ խոսքը կոնտեքստից։ Փաշինյանը ինձ ոչնչով չի սպառնում։ Խոսքը այն մասին է, որ անվտանգային հարցերը Հայաստանում շատ ծանր են, և ինձ, որպես օտարերկրացի կարիք չկա մտնել հայկական քաղաքականության մեջ։ Ինձ կարող են սպանել, որպեսզի հետո մեղադրեն Փաշինյանին, կամ հակառակը՝ այդպիսով հարվածեն ընդդիմությանը։ Դրանք իմ ենթադրություններն են, որևէ փաստ չունեմ։ Ոչ ոք ինձ չի սպառնացել, կամ վախեցրել։

-Իսկ ի՞նչ էր ասել Կարապետյանը Ձեզ Գավառում։

-Գավառում, Կարապետյանն ինձ ասաց, որ Հայաստանը ծանր տնտեսական և քաղաքական իրավիճակում է և ստիպված է գնալ Ղարաբաղի հարցի կարգավորման և պետք է գնալ երկկողմանի զիջումների։ Պետք է դուրս գալ 30 տարի տևած շրջափակումից, և ես պետք է հետևեմ իրավիճակին։ Այսքանը։ Որևէ ուրիշ բան ինձ չեն ասել։ Մնացած ամեն ինչը, ինչ որ ասում է Նաիրին՝ սուտ են։

-Այո, բայց Դուք նամակագրության մեջ գրել եք, որ Ձեզ չեն ների։ Ի՞նչը պետք է ձեզ չներեն։ Բացի այդ, գրել եք, որ Նիկոլ Փաշինյանը և իր մարդիկ Ձեզնից վրեժ կլուծեն։

-Այո, վրեժ լուծելու հատվածը արդեն ֆեյք է։ Իրական նամակագրության մեջ մի քանի տեղ ավելացված է «վրեժ լուծելու» մասին։ Իսկ սպանելու և չներելու մասով՝ արդեն վերևում պատասխանեցի՝ կարող են ինձ սպանել և գցել իշխանության կամ ընդդիմության վրա։ Ինձ բարկացրեց այն, որ Նաիրին խոսում է «մի քանի հազար զոհ տալու» մասին և, որ դա ինձ ասել է Կարապետյանը։ Նման բան չի եղել։ Նաիրին շոու է կազմակերպել։ Իր ասածները հիմարություն են և սուտ։ Հաջորդ անգամ, երբ Նաիրին ինչ-որ ճիշտ բան ասի, ոչ ոք նրան այլևս չի հավատա։ Իր ասածներից հետևում է, որ ինքը լսել է իմ և Կարապետյանի խոսակցությունը, լսել է ինչ-որ զոհերի մասին և 2 տարի լռել է և սպասել, որ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Լապշինը կգա և կփրկի Հայաստանը և կպայքարի Փաշինյանի դեմ։ Բայց, երբ Լապշինը չեկավ, Նաիրին ինքը որոշեց փրկել Հայաստանը։ Մենք, Իսրայելում, երբ իմանում ենք, որ մեր երկրի դեմ դավաճանություն է պատրաստվում, ապա միանգամից գործում ենք և չենք սպասում, որ ինչ-որ հայ բլոգեր գա ու փրկի մեզ։

-Եթե Նաիրիի ասածները ճիշտ են, ապա ինչու՞ նա այս ամենը չհրապարակեց նոյեմբերին, երբ ընդդիմությունը դուրս էր եկել փողոց՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելով։ Այդ ժամանակ շանսերն ավելի մեծ էին, որ կհաջողվեր հասնել հրաժարականի։

-Լավ հարց է, բայց հազիվ թե Փաշինյանին հաջողվեր տապալել, որովհետև Գավառում իրենց ասածների մեջ կրիմինալ ոչինչ չկար։ Դուք ի՞նչ է, երբեք չե՞ք լսել, որ պետք է Ադրբեջանի հետ համաձայնության գալ փոխզիջումների շուրջ։ Այդ մասին խոսել են թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը և թե՛ ինքը՝ Փաշինյանը։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու՞ է Նաիրին այս ամենը կազմակերպել։ Շոու և կրկեսային ներկայացում՝ ռեյտինգի համար։ Նա սրանով նվաստացնում է հայ ժողովրդին, երբ ասում է, որ Նիկոլը, ինչ-որ իսրայելցի բլոգերի հետ քննարկել է հազարավոր հայերի զոհելու և Ղարաբաղը հանձնելու հարցը։ Հիմարություն։ Ոչ ոք նման հարցերը չի քննարկում օտարերկրացու հետ։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ