«Վանաձոր» ԲԿ-ի տնօրենը դատարանում ասաց, որ ՊՎԾ նախկին աշխատակիցն իրեն առաջարկել է փոխել հեմոդիալեզի պարագաների մրցույթի բնութագրերը

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործով այսօր հարցաքննվեց նաև Վանաձոր ԲԿ տնօրեն Վահագն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Նշենք նաև, որ այս գործով անցնում են ևս երեք ամբաստանյալներ՝ Սամվել Ադյանը, Գևորգ Խաչատրյանը և Տարոն Ավետիսյանը։

«Երբ ես նոր էի նշանակվել «Վանաձոր» ԲԿ-ի տնօրենի ԺՊ, 2019 հունվարի 15-ին, այդ օրը ստացա զանգ ծառայողական հեռախոսի վրա, ու խոսեցի մեկ անձնավորության հետ, որը ներկայացավ ՊՎԾ աշխատակից, անուն ազգանունը չեմ հիշում, հետո պարզվեց, որ Գևորգ Խաչատրյանն էր, բայց այդ պահին ես չեմ հիշում ում հետ եմ ես խոսել։ Հետո ինձ զանգահարեցին ԱԱԾ-ից։ ՊՎԾ-ի աշխատակցի հետ խոսակցությունն այն էր, որ ինչ-որ մրցույթներ ենք իրականացնում, մրցույթները ինչ-որ դիալեզի ֆիլտրների, պարագաների հետ էր կապված, որ բնութագրեր փոխենք։ Բնականաբար ես ասեցի, որ ես նորանշանակ տնօրենն եմ, դրանով համապաատսխան կառույցներն են զբաղվում, ստորաբաժանումներ, իմ կողմից իրենց հանձնարարվել էր այդ գործառույթներն իրականացնել միայն օրենքով։ Ու այդպիսով մենք մեր խոսակցությունը վերջացրեցինք»,-ասաց Վահագն Մկրտչյանը։

Դատավոր Դավիթ Բալայանի այն հարցին, թե Խաչատրյանի զանգի պատճառը ո՞րն էր, վկան ասաց, որ պատճառն այն էր, որ կան ինչ-որ խնդիրներ այդ գնումների գործընթացի բնութագրերի հետ և այլն, որ իրենք, եթե հնարավոր է այդ բնութագրերը, փոխեն կամ չփոխեն։
Դատավորի ճշտող հարցին, թե առաջարկվում էր, որ փոխե՞ք։

Վկան պատասխանեց․ «Ինչքանով, որ ես հիշում եմ՝ իմ ցուցմունքում էլ գրված է, որ ինքը առաջարկում էր, որ փոխենք, բայց կոնկրետ ինչ, ոնց իր կողմից չի ասվել»։

Դատավորի այն հարցին, թե ՊՎԾ-ից գրություն ստացել են, վկան ասաց, որ գրություն ստացվել է Լոռու մարզպետարան, մինչև իր տնօրեն նշանակվելը, մարզպետարանին էլ պատասխանել են, որ գործընթացն արվում է մաքսիմալ օրինական, օրենքին համապատասխան։

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանի հարցին, թե նրա նշանակվելուց հետո ե՞րբ է նշանակվել մրցույթը։ Ի պատասխան վկան ասաց, որ հենց իր նշանակման օրվանից առաջ ինչ-որ մրցույթ նշանակվել է՝ այդ պարագների վերաբերյալ, որը բողոքարկվել է։

«Ամբողջ գործընթացը տնօրենից անկախ ընթանում է և պատասխանատու ստորաբաժանում, գնահատող հանձնաժողով, գնումների համակարգող, որը ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված անձ է, այսինքն տնօրենը պետք է ասի, դուք օրինական արեք գործընթացը՝ տեսնենք վերջում ինչ է ստացվում»,-ասաց վկան։

Նշենք, որ Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ