Դանակահարել է Բաղնիքի Արմանին, ինչից հետո ոտքի հատվածում ստացել է հրազենային վիրավորում․ մանրամասներ՝ Ամիրյանում տեղի ունեցած վիճաբանությունից

Երեկ երեկոյան, Ամիրյան փողոցում հնչած կրակոցների վերաբերյալ Civic.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել։ Ըստ մեր տեղեկությունների, ոտքից հրազենային վիրավորում ստացած ԱՄՆ քաղաքացին մեքենայով հետապնդել է «Բաղնիքի Արման» մականվամբ հայտնի Արման Ապիյանի կնոջն ու դստերը։ Ապիյանի կինը զանգել է ամուսնուն, որից հետո ամուսինը եկել է Ամիրյան փողոց և վիճաբանություն է սկսվել Ապիյանի և հետապնդողների միջև, որի ընթացքում ԱՄՆ քաղաքացին դանակահարել է Արման Ապիյանին։

Վիճաբանութանը ներկա անձանցից մեկը, ում ինքնությունը հայտնի չէ, դանակահարողին վնասազերծելու նպատակով, կրակել է ԱՄՆ քաղաքացու ոտքին։ Մեր տեղեկություններով տարածվող լուրերը, թե կրակողը Խաչատուր Սուքիասյանի որդին է, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, երեկ՝ հուլիսի 18-ին, ժամը 19.11-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ամիրյան փողոցում կրակոցներ են: Ժամը 21.13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքային հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա տղամարդ և հայտնել, որ քաղաքի կենտրոնում իր վրա կրակել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19.00-ին Ամիրյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ մի խումբ անձինք վիճել են, որի ընթացքում նրանցից մեկը հրազենային վնասվածք է ստացել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 3 պարկուճ և արնանման հետքեր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հուլիսի 19-ին, ժամը 01.04-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած տղամարդը հայտնել է, որ Ամիրյան փողոցում իրեն դանակահարել են:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ