Սաշիկը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին ՍիվիլՆեթին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Լրատվամիջոցը հարցում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։

«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։

ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018թ․ հուլիսի 9-ին։

2018թ․ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ խոսել էր հանրությանը «Սաշիկ» անունով հայտնի Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի մասին։

«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ […]: Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում էդ 30 միլիոն դոլարը հանելու է և կամավոր վերադարձնելու է պետական բյուջե»,- նշել էր Փաշինյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ