Հայկս էսպես էլ չեկավ, իսկ պապիկը չդիմացավ Հայկի զոհվելու լուրին ու մահացավ հենց նրա հուղարկավորության օրը. նահատակված 18-ամյա Հայկ Թունյանի մասին պատմում է քույրը

Հայկի մարդ տեսակը բոլորն են սիրել ու սիրում, անսահման բարի, համեստ տղա, որը ցանկացած պահի օգնության կհասնի, եթե դու դրա կարիքը ունես։ Լուռ էր հիմնականում, շատախոսել չէր սիրում, անսահման ուշադիր էր հատկապես ընտանիքի նկատմամբ, իրենից երկու փոքր քույրերի համար ոչինչ չէր խնայում, շատ կապված էր պապի հետ, ցավոք, նա Հայկիս զոհվելու լուրին չդիմացավ ու մահացավ օրեր անց, հենց Հայկիս հողարկավորության օրը։ 44-օրյա Արցախյան պատերզմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 18-ամյա Հայկ Թունյանի մասին Tert.am-ին պատմեց հերոսի քույր Լիլիա Թունյանը:

Հայկը ծնվել է 2002 թվականի փետրվարի 6-ին Երևանում։ Ընտանիքում երեք երեխա են, միակ տղան Հայկն է, որը հիմա ամենացավոտ փաստը քույրերին համար:

«Հայկի հետաքրքրությունները շատ էին ու անընդհատ փոփոխվող. հաճախել է և՛ կարատեի, և՛ ֆուտբոլի, և՛ լողի, բոլորն էլ իր մեծ կամքով ու ցանկությամբ։ Նշված բոլոր բնագավառներից էլ ունի մրցանակներ, մեդալներ»,- պատմում է քույրը:

Լիլիա Թունյանը նշում է, որ Հայկը ծառայությանը շատ-շատ էր ապասում, պարտքը կատարել էր ուզում, ասում էր՝ բա տղա եմ, պիտի ծառայեմ, բա ի՞նչ պիտի անեմ:

«Հայկս ընկերուհի չուներ, և դա ինչ-որ տեղ լավ է հիմա։ Պատերազմը երբ սկսվեց, 4 օր զանգ չեղավ եղբորիցս, անհանգիստ էինք շատ, հետո սպասված զանգը եղավ, ասաց՝ մեզ դիրքեր չեն տարել, մենք անտառում ենք, դուք հանգիստ եղեք: Միշտ սա էր ասում ու մեզ հանգստացնում, ինքը ևս միշտ շատ հանգիստ տոնով էր խոսում, խուճապ չկար ու դա էր մեզ հանգստացնում։ Մինչև վերջ էլ մեզ չասաց,որ առաջնագծում է եղել»,-ասում է Լիլիան:

Հերոսն ընտանիքին ամեն օր չէր զանգում, երկու-երեք օրը մեկ էր զանգում ու շատ կարճ խոսում: «Կարևոր բաներն ասում էր, մեզ «դուխ» էր տալիս ու անջատում: Երբ հանդիպելուց էինք խոսում, ասում էր՝ ստեղ շատ հեռու ա, դուք չգաք, ես եմ գալու. էդպես էլ չեկավ, մենք իրեն բանակ ճանապարհելուց հետո էլ երբեք չտեսանք, կարանտին էր ու տեսակցություններն արգելված էին, ընդամենը մեկ նկար ունենք իրենից համազգեստով, դա էլ հրամանատարն էր ուղարկել:

Հայկիս վերջին զանգը հոկտեմբերի 29-ին եղավ, սովորականից ավելի ուրախ էր խոսում, ձայնագրությունն էլ կա վերջին խոսակցության, չգիտեմ ինչ զգացինք, որ հենց էդ զանգը ձայնագրեցինք, չգիտեմ: Հայկս երկու զենքի էր տիրապետում, չնայած որ ընդամենը 3 ամսվա ծառայող էր, մեկը՝ ПК (գնդացիր), մյուսը՝ նռնականետ. զոհվելիս հենց սրանով է եղել»,-պատմում է քույրը:

Ընտանիքին փոխանցել են, որ զորամասում Հայկին հենց «ПК-իստ Հայկո» էին կոչում ու այդպես էլ ճանաչում էին։

Պատերազմի նման ավարտի մասին խոսելիս՝ քույրն ասում է, որ պատկերն անսպասելի էր ու շատ հանելուկային բոլորի համար: «Ու, եթե Հայկս լիներ, հպարտ կլիներ մեր հերոս տղերքով, կասեր, որ կանք ու խաղաղ ենք մեր տղերքի շնորհիվ. և իրոք: Հայկիս մարմինը դաշտից փորձել է դուրս բերել նրա ընկերը՝ Ռոբերտը Մկրտչյանը, ով ցավոք ճանապարհին ևս զոհվել է»:

Հերոսն ընկել է հոկտեմբերի 31-ին՝ դիպուկահարի կրակոցից,Մարտունի 2-ում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ