Տաք ու ամուր ծածկոցներ՝ դիրքապահներին․ «Փյունիկի» և Armenian Hero-ի նոր համագործակցությունը

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունը նոր համագործակցություն է սկսել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեություն իրականացնող կազմակերպության՝ Armenian Hero-ի հետ, ինչի շրջանակներում էր մեծ քանակության բեռ է ստացել՝ դիրքապահներին տրամադրելու համար։

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության նախագահ Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ Armenian Hero նորաստեղծ կազմակերպությունը ղեկավարվում է ամերիկաբնակ երկու քույրերի կողմից, ովքեր շատ սիրում են Հայաստանը և փորձում հնարավորինս օգնել։ «Սերտ համագործակցության հիմքը դրվեց, երբ ես երեք ամիս առաջ գտնվում էի ԱՄՆ-ում․ հանդիպում եղավ, քննարկեցինք, բոլորս ոգևորված էինք։ Սա առաջին քայլն էր ու թե՛ ես, թե՛ իրենք հուսով են, որ վստահելի գործընկեր են գտել Հայաստանում և մեր համագործակցությունը երկար կշարունակվի»,-ասաց Հակոբ Աբրահամյանը։

Ուղարկված բեռը ծածկոցների տեսքով է, որոնք պետք է տրամադրվեն դիրքապահներին։ Բացի այդ ուղարկվել են նաև օժանդակ սարքավորումներ, կենցաղային պարագաներ, որոնք էլ կտրամադրվեն Հադրութի իրենց տները կորցրած փախստականներին։ «Ծածկոցները բավական ծանր են, ամեն մեկի քաշը մոտ 7 կգ է, թանկարժեք են։ Իմաստն այն է, որ օգնում է մարդուն քնելուց հետո ամբողջությամբ ուժերը վերականգնել։ Առաջին նվիրատվությունը կանենք «Հաղթանակ» ջոկատին, որն ակտիվ է և համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ, մեծ քանակությամբ դիրքապահներ ունի»,-նշում է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության նախագահ Հակոբ Աբրահամյանը։

«Հաղթանակ» ջոկատի հրամանատար Արսեն Ամիրխանյանը նշում է, որ ջոկատի անդամները 1988-89 թվականներից մասնակցել են Արցախյան պատերազմներին։ «Միակ բանը, որին միշտ պատրաստ ենք՝ պահպանել մեր հայրենիքի սահմանները և այն՝ ինչը կապված է հայ ազգի հետ»,-ասում է Արսեն Ամիրխանյանը։

Նա կարևորեց տաք ծածկոցների անհրաժեշտությունը՝ նշելով, որ ստացվող ծածկոցները նույնիսկ կարող են պաշտպանել բեկորային փոքր վնասվածքներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ