«Տնտեսական աճի այս տեմպը պահպանելու դեպքում կհասնենք կառավարության կանխատեսած 6 տոկոս աճին…». Սուրեն Պարսյան

Օրերս պաշտոնական այցով Երևանում գտնվող ԵՄ հանձնակատարը հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ մշակված Տնտեսական և ներդրումային պլանի ներքո ՀՀ-ին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից զատ, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո` ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի տնտեսության մեջ հիմնական ներդրողը վերջին 30 տարիների ընթացքում եղել է Ռուսաստանի Դաշնությունը, հետո գալիս են ԵՄ երկրները, ԱՄՆ-ը և այլ երկրներ. «ՌԴ-ի հիմնական ներդրումները եղել են էներգետիկ ոլորտում նաև որոշակի չափով հանքարդյունաբերության ոլորտում։ Իսկ ԵՄ-ի ներդրումները հիմնականում եղել են հանքարդյունաբերության ոլորտում, այնուամենայնիվ առանձին արդյունաբերական գործարաններ նրանք ստեղծել են։ Անցյալ տարվա ընթացքում ԵՄ-ից Հայաստանն ստացավ մի շարք աջակցության փաթեթներ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Սակայն այդ ծրագրի մեծ մասը չի ամփոփվել կամ չի կատարվել տարբեր պատճառներով։ Իրենք ունեն, օրինակ, փոքր և միջին բիզնեսին աջակցության ծրագրեր, ունեին աջակցության ծրագրեր պետական համակարգում բարեփոխումներ անելու և այլ ուղղությամբ, ինչը նաև կորոնավիրուսի և պատերազմի պատճառով չի կատարվել։ Օրինակ՝ ԵՄ-ի երկրներից Ֆրանսիան, Գերմանիան դրամաշնորհներ ունեին տրամադրած Հայաստանին, որի շրջանակներում պետք է Հայաստանի ջրամատակարարման համակարգը արդիականացվեր, բայց այդ ծրագրերը կիսատ են թողնվել անցյալ տարվա ընթացքում»։

Տնտեսագետը հիշատակեց, որ մենք ԵՄ-ի հետ ունենք նոր համաձայնագիր, որն արդեն ուժի մեջ է մտել և այդ համաձայնագրի շրջանակներում Հայաստանը պետք է ստանար որոշակի օժանդակություն իր տնտեսությունը, պետական համակարգը համապատասխանեցնելու եվրոպական չափորոշիչներին և այս 2,6 մլրդ գումարը կոչված է դա ապահովելու համար. «Այս գումարը պարտավորեցնող է, և Հայաստանը պետք է կարողանա այդ ծրագրերն իրականացնել»։

Սուրեն Պարսյանի խոսքով ԵՄ-ի խոշոր շինարարական ծրագրերը թերակատարվել են և այս տրամադրվող գումարի մի մասը պետք է ուղղվի Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանը՝ հատկապես Սյունիքի հատվածում. «Նման խոշոր ծրագրեր իրականացնելու համար պետական համակարգը պետք է հզորանա` այդ թվում կադրային առումով, որպեսզի աշխատանքները չթերակատարվեն»։

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին անդրադառնալով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս նշեց, որ արդեն իսկ կա համաձայնագրի կիրարկման հետ կապված ամբողջական ճանապարհային քարտեզ, որը բաղկացած է 300-ից ավելի միջոցառումներից վերաբերող ՀՀ-ի գրեթե բոլոր ոլորտներին:
Տնտեսագետը նշեց, որ այդ ծրագրերից շատերն արդեն իսկ պետք է իրականացված լինեին՝ աշխատանքային իրավունքի հետ կապված հարցեր, էներգետիկ համակարգում բարեփոխումներ, բայց այս պահին դեռ չեն սկսկվել. «Այս ծրագրի շրջանակում կար նաև Հայաստանի կողմից պարտավորություն կոնյակի և շամպայնի բրենդներից հրաժարվելու մասին և 2032թ.-ից սկսած մենք չենք կարողանալու օգտագործել այդ բրենդները։ Այսինքն, մենք պետք է մեր կազմակերպությունների համար նոր բրենդներ մշակենք, որպեսզի նրանք կարողանան իրենց ապրանքներն արտահանեն ու միջազգային շուկայում ճանաչելի լինեն։

ԵՄ-ն, բնականաբար, հետաքրքրված է պետական համնակարգի բարեփոխումներով՝ նախարարությունների կառուցվածքը չպետք է լինի կամայական, կադրային փոփոխություններ պետք է արվեն, և, կարծում եմ, այստեղ ԵՄ-ն մեծ օժանդակություն կցուցաբերի։ Հիմա նոր կառավարություն պետք է ձևավորվի, և նոր կառավարությունն ինչ կառուցվածք պետք է ունենա, ինչ նպատակներ, ծրագրեր՝ այստեղ կարող են տեղ գտնել նաև ԵՄ ծրագրերը։ Կառավարությունը պետք է 5-ամյա ծրագիր ներկայացնի ԱԺ և այդ ծրագրերում պետք է արտացոլված լինի ԵՄ ծրագրերի մեծ մասը»։

Սուրեն Պարսյանը գտնում է, որ այն ապրանքները, որոնք կարող ենք Հայաստանում արտադրել, պետք է արտադրենք, որովհետև ներկրող երկիրի ապրանքների գները մշտապես կախված են միշազգային շուկայի գներից ու և դոլար-դրամ փոխարժեքից. «Համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գները բարձրացել են և մեր արտահանումն աճել է, ինչ հաշվին մեր հանքարդյունաբերությունն աճել է։

«Կառավարության կողմից հաստատվել էր 2021թ. պետական բյուջեն, որի համաձայն 2021թ. տնտեսական աճը պետք է լիներ 3,2 տոկոս, սակայն հիմա այդ թիվը վերանայվել է և կանխատեսվում է 6 տոկոս»,- ասաց տնտեսագետն անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի խոստացած երկնիշ տնտեսական աճին և հավելեց. «Հայաստանի տնտեսությունը 5 ամիսների ընթացքում՝ հունվարից մայիս գրանցել է 4,3 տոկոս աճ։ Տարվա կտրվածքով դժվար է պատկերացնել երկնիշ աճ, բայց այս տեմպը պահպանելու դեպքում կհասնենք կառավարության կանխատեսած 6 տոկոս աճին։ Եվ այստեղ կարևոր է պղնձի մոլիբդենի գները, եթե դրանք պահպանվեն դա նույնպես կխրախուսի հանքարդյունաբերության աճին»։

Սուրեն Պարսյանը գտնում է, որ խնդիրը ոչ թե 6 տոկոս աճի մեջ է, այլ որակի մեջ է, թե հասարակության որ շերտն է օգտվելու. «Օրինակ՝ 5 ամիսների հաշվարկով մենք ունենք վերամշակման ոլորտում 2 տոկոս անկում, 18 տոկոս կրճատվել է սիգարետի արտադրությունը, արտահանումն է կրճատվել, կրճատվել են նաև կոշիկի արտադրության ծավալները։ Եվ սրան հակառակ ունենք խմիչքի և սննդի արտադրության ոլորտում աճ, բայց այս աճերը դեռևս նախաճգնաժամային արդյունքները չեն ապահովել։ Մենք աճ ենք գրանցել նախորդ տարվա ճգնաժամի համեմատ՝ երբ ապրիլ-մայիս ամիսներին զրոյական տնտեսություն ունեինք կորոնավիրուսով պայմանավորված»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ