Փոքրիկ տղան ,ում գտել էին Գյումրիում, արդեն անուն ունի․ խնամակալ մայրը Գյումրիում ճանաչված կին է

Երկու շաբաթ առաջ Գյումրու Շահումյան փողոցի առանձնատներից մեկի ցանկապատերի տակ հայտնաբերված, այնուհետեւ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխված նորածին տղային Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը հանձնեց խնամակալության. գրում է Առավոտը:

Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատերն են հետաքրքրվել երեխայով, սակայն գրավոր դիմում ներկայացրել են երկու ընտանիքներ։ Երկուսն էլ, ըստ նրա, նորմալ ընտանիքներ են՝ լուրջ, գիտակ, սակայն հանձնաժողովը նպատակահարմար է գտել երեխային տալ խնամակալության այն ընտանիքին, որի կինն աշխատում է հասարակական կառույցում ու մասնագիտության բերումով երկար տարիներ զբաղվում է երեխաների խնամքով։ Նրանք երեխաներ չունեն։

«Չեմ կարող բառերով նկարագրել այդ մարդկանց երջանկությունը, երբ երեխային գրկեցին՝ տուն տանելու»,-ասաց Էդուարդ Բաղրամյանը։ Նա նշեց, որ երեխայի խնամակալության համար դիմում ներկայացրած մյուս ընտանիքի ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում է, այսինքն՝ հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել նրա հետ զրուցելու, նրա համաձայնությունը ստանալու, հետևաբար և նպատակահամար են գտել հանձնել այն ընտանիքին, որը տևական ժամանակ է՝ դիմում է իրենց՝ երեխա որդեգրելու կամ խնամակալության վերցնելու խնդրանքով։

Ի դեպ, իրավապահները դեռ փնտրում են երեխայի մորը, հարուցված է քրեական գործ։ Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը նրան անվանակոչել էր Արեն։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •