Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 38 աշխատակից է ազատվել աշխատանքից, հիմնականում Վահե Հակոբյանի մտերիմներն են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատի հրամանով աշխատանքից ազատվել են 38 հոգի։ Ազատվողների ցանկում են արտադրամասի պետեր, անվտանգության դեպարտամենտի ղեկավարն ու աշխատակիցները, էներգետիկներ, վարչական աշխատողներ՝ խորհրդականներ, օգնականներ։ Ազատվել է նաեւ ընկերության խորհրդի նախագահի խորհրդական Գառնիկ Ղազարյանը (հայտնի է որպես «Աժդանակ»–ի Գարիկ-Ա․Դ․), որը մեր տեղեկություններով, մեկ ամսով երեկ կալանավորվել է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, աշխատանքից ազատվողները հիմնականում ԶՊՄԿ–ի գլխավոր նախկին տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներն են։ «Կարելի է ասել, աշխատանքից ազատվողները նրանք են, որոնք մյուս աշխատակիցներին ճնշել են ընտրության հարցում, նրանք, ովքեր վարչապետի ճամփան էին փակել»,–ասաց մեր աղբյուրը։

Aravot.am-ը փորձեց աշխատանքից ազատվածներից պարզել, թե ինչ պատճառով են ազատվել աշխատանքից; Սակայն նրանք առայժմ զերծ մնացին մեկնաբանություններից, ոմանք էլ ասացին, որ դիմելու են դատարան։

Ի դեպ, հիշեցնենք, որ Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչեւ հուլիսի 15-ը ԶՊՄԿ-ում փոփոխություններ կլինեն։ «Նրանք ովքեր մարդկանց սպառնում են աշխատանքից ազատվել, իրենք չեն աշխատելու»,–ասել էր Փաշինյանը։

Աղբյուր՝ aravot.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ