«Ընտրության արդյունքը անվավեր ճանաչելու հիմքեր չկան․ ՍԴ-ում բարձրացրած խնդիրները շատ տեսական վեճեր էին»․ Ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ն

Հուլիսի 2-ին չորս քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ վիճարկելու ԿԸՀ որոշումը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Սահմանադրական դատարանը շուրջ 10 օր կողմերին լսելուց հետո՝ երեկ հուլիսի 14-ին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ ՍԴ-ն ըստ օրենքի որոշումը կայացնում է 15-օրյա ժամկետում, այսինքն որոշումը կհրապարկվի մինչև հուլիսի 17-ը կամ հենց այդ օրը։

ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ դիմող կողմերը ՍԴ-ում շեշտում էին, որ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք ազդել են բուն ընտրական պրոցեսի վրա և պետք է անվավեր ճանաչել արտահերթ ընտրությունների արդյունքները․ «Այն փաստերը, որոնք ներկայացրել են ՍԴ՝ իրենց ընկալմամբ իրենց մեջ պարունակում են «Ընտրական օրենսգրքի» խախտում, և այդ խախտումն այն աստիճան է, որ ազդել է ընդհանուր ընտրությունների վրա։ Իրենց բարձրացրած խնդիրները չէին վերաբերում նրան, որ հասարակության՝ քաղաքացիների ազատ կամքի արտահայտման խնդիր է դրված։ Իրենց բարձրացրած խնդիրները վերաբերում էին հիմնականում իրավական հարցերին։ Իրենք պնդում էին, որ վարչապետի պաշտոնակատարի այս կամ այն արտահայտությունը ազդեցություն է ունեցել քվեարկությանը, կամ այս կամ այն իրավական ակտի պահանջը չկատարելն է ազդեցություն ունեցել»։

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դիմումատուները չէին վիճարկում, որ բնակչության իքս քանակը գնացել և ընտրել է ՔՊ-ին, այլ վեճի առարկան՝ ընտրական գործընթացի ժամանակ թույլ տրված․ «Ընտրական օրենսգրքի» ենթադրյալ խախտումներն են, որոնք ըստ իրենց ազդել են արդյունքների վրա․ «Օրինակ իրենք մեկնաբանում էին, որ քվեաթերթիկների հետևում քվեարկության կարգը մանրամասն չէր պարզաբանված։ Մինչդեռ ԿԸՀ նախագահը պարզաբանում էր, որ տվյալ հոդվածը չի վերաբերում պարզաբանմանը, այլ վերաբերում է բացառությամբ տարբերության պարզաբանմանը, որ անձը շփոթմունքի մեջ չընկնի։ Իրենք պնդում էին նաև, որ ընտրության օրն է սխալ նշանակվել։ Ամբողջությամբ իրավական վեճ էր, որի լուծումը կարող է տալ բացառապես Սահմանադրական դատարանը»։

Հարցին՝ իրենց բերած պատճառաբանությունները բավարա՞ր են, որպեսզի ընտրությունների արդյունքները համարվեն անվավեր՝ պատգամավորն արձագանքեց․ «Իմ համոզմամբ՝ միանշանակ ոչ, որովհետև բարձրացրած խնդիրները շատ տեսական վեճեր էին։ Բայց մի ցավալի արձանագրում կարող եմ անել, որ ՍԴ երկու դատավորները՝ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը ներկայացնում էին ոչ թե Դատարանի՝ իրավունքի շահերն, այլ դիմող կողմի շահերը։ Օրինակ, երբ միջնորդություն ներկայացվեց ՀՀ նախագահին հրավիրելու դատարան, դատավոր Վահե Գրիգորյանի կողմից հարցադրում արվեց Հրայր Թովմասյանին, որ արդյո՞ք բավարար չէ, որ Ձեր կողմից պահանջված տեղեկատվությունը ստանանք տվյալ մարմին հարցում անելով։ Սակայն Թովմասյանը պնդում էր, որ նախագահը պետք է գա ցուցմունք տալու։ Եվ սա այն դեպքում, երբ փաստաթուղթը, որը ստորագրում է նախագահը՝ նախ իրավաբաններն են ուսումնասիրում այդ իրավական ակտն ընդունել չընդունելու հարցը, որից հետո զեկուցում են նախագահին, որն էլ ստորագրում է կամ ոչ։ Եվ Հրայր Թովմասյանը դատարանի որոշումը՝ նախագահին վկա չհրավիրելու մասին քննադատեց, ինչը նորմալ չէ»։

Պատգամավորի խոսքով՝ ՍԴ դատավորների 9-ից 5-ի կողմ լինելու դեպքում անվավեր կճանաչվեն ընտրությունների արդյունքները, սակայն նման բան ըստ իրեն չի կարող լինել։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դիմումնատուներից ոմանք ներառել են նաև մանդատների վերաբաշխման պահանջ։ Սակայն սահմանադրագետի մեկնաբանմամբ՝  ՍԴ-ն կաշկանդված չէ դիմումատուների պահանջներով և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածը տալիս է այն հնարավոր որոշումների տեսակները, որոնք ՍԴ-ն ընտրական վեճերով կարող է կայացնել․ «Կա՛մ անփոփոխ է թողնում ԿԸՀ-ի որոշումը, կա՛մ անվավեր է ճանաչում ընտրությունները և սահմանում է մանդատների բաշխման նոր կարգ, կա՛մ նշանակվելու է ընտրությունների երկրորդ փուլ»։

Գոհար Մելոյանը հավելեց, որ իրենց կազմակերպությունը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը» ևս դիտորդական առաքելություն է իրականացրել, սակայն ռեսուրսների պակասով պայմանավորված՝ սակավ ծավալով։ «Իրավախախտումների մասով նաև ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդումներ Ոստիկանությունում»։

Սահմանադրագետի խոսքով՝ ՍԴ-ում դիմող կողմերը ոչ միայն փաստական հանգամանքներ էին ներկայացնում, թե ինչ բնույթի խախտումներ են տեղի ունեցել, այլ ներկայացնում էին ընդհանուր բնույթի իրավական խնդիրներ, որոնք էական հետևանք ունեցան այս ընտրությունների վերջնական պատկերի վրա․ «Լիահույս լինենք, որ ՍԴ-ն փաստերի վրա հիմնված որոշում կկայացնի։ Իմ գնահատմամբ ես պնդում եմ, որ այն վարչական լծակները, որոնք կիրառվել են ընդդիմադիր դաշտի նկատմամբ՝ ճնշումները և այլն, այդ ամենը կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների և ելքի վրա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ