Կամավոր ատեստավորման համար հայտագրվել է 1377 ուսուցիչ. ինչ հարցեր են ներառված հարցաշարում

Աշխատավարձերի բարձրացման նպատակով ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլի վերջնաժամկետը լրացել է երկու օր առաջ՝ հուլիսի 13-ին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կամավոր ատեստավորման երկրորդ փուլի համար դիմել է 90 ուսուցիչ:

Նրա խոսքով՝ քանի որ դիմումների ընդունելությունը երկու օր առաջ է ավարտվել, ուստի երկրորդ փուլի ամփոփ տվյալները դեռ չկան: Վերլուծություն դեռ չի արվել, թե որ առարկայի համար և որ մարզերից են ուսուցիչներն առավելապես հայտ ներկայացրել:

Վերլուծությունը կկատարվի առաջիկա օրերի ընթացքում, ուսուցիչների ընդհանրական ցանկը կներկայացվի Գնահատման եւ թեստավորման կենտրոն: ԳԹԿ-ն, հաշվի առնելով դիմումների քանակն ըստ տարածաշրջանների ու առարկաների, մինչև օգոստոսի 20-ը կձեւավորի քննական կենտրոններ, եւ գիտելիքների ստուգման բուն գործընթացը՝ թեստավորումը, կիրականացվի սեպտեմբերին, իսկ արդեն նոյեմբերից կունենանք հավելավճարներ ստացող ուսուցիչներ:

Հիշեցնենք, որ Երեւանից եւ մարզերից առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել հայերենի, մաթեմատիկայի, պատմության, աշխարհագրության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի 1287 ուսուցիչ:

Նկատենք՝ կամավոր ատեստավորման երկու փուլերին հայտ ներկայացրած ուսուցիչների թիվը միասին եւս բավականին քիչ է (1377)՝ համեմատած նախարարության կանխատեսումների: Ըստ ԿԳՄՍՆ կանխատեսման՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը պետք է լիներ 2070, որոնց 76.8 տոկոսը՝ 1590-ը, կհաղթահարեր սահմանված շեմը և կստանար աշխատավարձի 30-50% հավելավճար:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված նախարարության կանխատեսման եւ հայտագրված ուսուցիչների իրական թվի այսպիսի տարբերությունը:

«Հայտագրվածների ընդհանուր թիվը, իհարկե, էլի կանխատեսվածից քիչ է: Իհարկե, տեղեկատվական բոլոր հնարավոր հարթակներով նախարարությունը մշտապես տեղեկացրել է կամավոր ատեստավորման մասին, այսինքն՝ տեղեկատվության հասանելիությունը եղել է մաքսիմալ: Դիմումների՝ նախատեսվածից քիչ լինելու միակ պատճառը կարծում ենք այն է, որ գործընթացը դեռ նոր է, ուսուցիչները մի փոքր մտավախություն ունեն, չեն պատկերացնում, թե ինչպես է անցկացվելու բուն թեստավորումը, ինչ հարցեր են ներառված լինելու, ուստի անորոշությունից ելնելով՝ չեն հայտագրվել»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ հնարավո՞ր է՝ կամավոր թեստավորման ժամանակ ուսուցիչների համար երկակի պատասխաններ պարունակող հարցեր լինեն, ինչպես, օրինակ, այս տարի տեղի ունեցավ հայոց լեզվի միասնական քննության ժամանակ:

«Կամավոր ատեստավորման գործընթացն իրականացնելու է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, եւ ԳԹԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված են թեստերի նմուշները եւ նաեւ գրականության ցանկը, որի շրջանակներում էլ լինելու է թեստավորումը: Այստեղ պետք է շեշտեմ նաեւ, որ դասավանդման ծրագրից են լինելու հիմնական հարցերը, եւ ուսուցիչների համար այստեղ որեւէ անակնկալ կամ դասավանդման շրջանակներից դուրս հարցեր չեն լինելու: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցում են 7-12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչները, վստահաբար 7-րդ դասարանում դասավանդող ուսուցչին չեն տա 12-րդ դասարանի հարցեր: Այս բոլորը հաշվի է առնվելու»,- ասաց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 15-ին հանրապետությունում անցկացված «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննության մեկ առաջադրանքի շուրջ մասնագետներն ու դիմորդները իրենց բողոքն էին ներկայացնում՝ նշելով, որ երկակի պատասխան ունի վարժությունը, եւ այդ պատճառով առաջին եւ երրորդ տարբերակը գրող դիմորդներն անիմաստ կորցրել են կես միավոր։ Բողոքարկումների արդյունքում ԳԹԿ-ն բարձրացրեց առաջին եւ երկրորդ թեստերը գրող դիմորդների միավորները:

Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ եթե առարկայական հարցաշարերն իսկապես կազմվելու են դասագրքերի հիման վրա, ապա գուցե ուսուցիչները վախենո՞ւմ են թեստը չհաղթահարելուց եւ կրճատման վտանգի առաջ հայտնվելուց՝ Արսեն Բաղդասարյանը նշեց, որ թեստավորման արդյունքում 90-100 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները ստանալու են հավելավճար 50 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները ստանալու են հավելավճար աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, եւ նրանց աշխատավարձը կպահպանվի: Այստեղ մինչեւ 59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներն են, որոնց կառաջարկվի մեկ տարի հետո անցնել պարտադիր վերապատրաստում: Այդ վերապատրաստման արդյունքից հետո, եթե նորից նրանք որեւէ առաջընթաց չեն ունենա, այդ ժամանակ նոր կարող է դիտարկվել այդ խնդիրը:

«Բայց այնպես չէ, որ սա գիլիոտին է, որ ով չանցավ, միանգամից ազատվելու է աշխատանքից: Նման բան չկա:

Նախարարությունը բոլոր հարթակներով, բոլոր հնարավոր ձեւերով հաղորդել է, որ որեւէ կրճատման գործընթաց սրա արդյունքում նախատեսված չէ: Իսկ թե ինչո՞ւ են քիչ թվով ուսուցիչներ դիմել, ենթադրվում է, որ գործընթացը դեռ փորձնական է, դեռ շատերը մտավախություն ունեն: Հենց դա է խնդիրը, որ չեն ուզում մասնակցել: Վստահաբար, կարող եմ ասել, որ այս փորձնական փուլը մենք ամփոփենք, արդեն ուսուցիչներն էլ փոխանակվեն իրենց փորձով՝ ինչպես է անցել, եւ հաջորդ տարիների համար դիմողները շատ ավելի շատ են լինելու: Ե՛վ այս տարվա դիմողները, ե՛ւ բոլոր ուսուցիչներն էլ կհամոզվեն, որ գործընթացն ավելի շատ նպատակ ունի խրախուսել մասնագիտական զարգացման բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներին եւ նրանց հավելյալ վարձատրություն տալ: Այն ուսուցիչները, որոնք մտավախություն ունեն եւ մի փոքր զգուշավոր են մոտենում այս փուլում, վստահաբար, այս ընթացքում նաեւ իրենց մասնագիտական գիտելիքների վրա կաշխատեն, եւ հաջորդ փուլերին ավելի շատ մասնակցություն կապահովվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ եւ երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարում այն կանցկացվի 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար և պարտադիր կդառնա համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում: Երրորդ տարում ատեստավորումը կանցկացվի 1-4-րդ դասարաններում (5-12-րդ դասարաններում) դասավանդող բոլոր ուսուցիչների, ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող՝ համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ