Հասարակ քաջարանցին դուրս չի գալիս փողոց՝ պաշտպանելու կոմբինատը, որովհետև տարիներ շարունակ կեղեքել եք նույն քաջարանցուն

Պատասխանելով հարցին, թե ինչու են իշխանությունները մտել Քաջարանի կոմբինատ՝ նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանը ասել է. «Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել»:

«ՉԻ». Միգուցե: Չենք վիճում: Բայց եթե անգամ այդպես է, ոչինչ, մի քիչ դիմացեք:

Տասնամյակներ շարունակ դուք եք ահաբեկել Քաջարանի, Կապանի և ամբողջ Սյունիքի ժողովրդին, թող մի քիչ էլ ձեզ ահաբեկեն, որ մտնեք այդ մարդկանց կաշվի մեջ ու հասկանաք, թե ինչ եք արել տարիներ շարունակ:

Էժան աշխատուժը օգտագործել եք, բայց երբեք չեք թողել, որ գործարանի ժողովուրդը բարձրաձայնի իր իրավունքների մասին: Մեծ գործարան է, մի օր գործադուլ չի եղել: Մի օր քաջարանցիները փողոց դուրս չեն եկել ու պահանջել, որ կոմբինատը գոնե մեկ, միջազգային ստանդարտներին համապատասխան հիվանդանոց կառուցի, որտեղ կբուժվեն գործարանի աշխատակիցների տան անդամները:

Մինչդեռ շարունակել եք գնել հերթական Ռոլս-Ռոյսը և Իսպանիայում հերթական շքեղ առանձնատունը:

Մի հատ նայեք, թե ինչ ահռելի տարբերություն կա գործարանի ղեկավար կազմի և հասարակ բանվորների աշխատավարձների միջև: Տասնապատիկ չէ, հարյուրապատիկ է:

Շատ էիք հպարտանում, թե Քաջարանը Քոչարյանի կողքին է: Չգիտես ինչու հասարակ քաջարանցին դուրս չի գալիս փողոց՝ պաշտպանելու կոմբինատը: Մի պարզ պատճառով, որովհետև տարիներ շարունակ կեղեքել եք նույն քաջարանցուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ