«Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրից դժգոհող ԶԼՄ-ները նրանք են, որ չեն կարող խուսափել ապատեղեկատվություն կամ ֆեյք լուրեր տարածելուց…»․ Բորիս Նավասարդյան

«ԶԼՄ-ները և ԱԺ ընտրությունները» թեմայով քննարկման ընթացքում media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը ներկայացնելով ֆեյսբուքյան հայկական տիրույթի փաստերի ստուգման համակարգը, ասաց․ «2021 թվականի հունիսի 1-ից Հայաստանում առաջին անգամ իրականացվում է ֆեյսբուքի երրորդ կողմերի փաստերի ստուգման ծրագիր՝ երկու ամսով, պիլոտային։ Հայաստանը չուներ կազմակերպություն, որը հայալեզու բովանդակությունը ֆեսյբուքով եւ ինստագրամով ստուգելու համար ֆեյսբուքի չափանիշներին կհամապատասխաներ, բայց ֆեյսբուքը կարեւորելով Հայաստանի ընտրությունները եւ առաջին հերթին ընտրողների պաշտպանվածությունը ապատեղեկատվությունից՝ մեր վրացական գործընկերների միջոցով միջնորդավորված քննարկեցին այդ ծրագիրը իրականացնել, որովհետեւ կարևորում են հատկապես ընտրությունների շրջանում եւ ընդհանրապես՝ մարդկանց ապատեղեկատվությունից պաշտպանելը»։

Վարդանյանը նշեց, որ ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագիրը գործում է 2016 թվականից եւ նպատակն է հակազդել, որ ապատեղեկատվությունը քիչ տարածվի․ «Մեդիա նախաձեռնությունների թիմը աշխատում է փաստերի ստուգման բովանդակության վրա։ Ֆեյսբուքը իր համար սահմանել է՝ կեղծ, խմբագրված, մասամբ կեղծ, առանց համատեքստի, երգիծանք եւ ճշմարտություն», — ասաց նա։
Խոսելով Հայաստանի «ժուռնալիստների միության» եւ մի շարք ԶԼՄ-ների այն հայտարարության մասին, որում հայտարարության հեղինակները ոչ թափանցիկ, կանխակալ են համարում «Մեդիա նախաձեռնությունների» կենտրոնի ֆեյսբուքյան փաստերի ստուգման նախաձեռնությունը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց․ «Անկեղծ ասած ինձ համար դա այն ցուցակն էր, որը որ հիմնականում կա՛մ տարածում է, կա՛մ գիտի, որ չի կարող խուսափել ապատեղեկատվություն կամ ֆեյք լուրեր տարածելուց, դա իմ անձնական գնահատականն է, որպես մեդիափորձագետ»։

Նավասարդյանը խոսելով քարոզարշավի ընթացքում հեռուստաընկերությունների մշտադիտարկման մասին ասաց․ «Ես կարող եմ ասել, որ Հանրային Հեռուստաընկերությունը եւ Շանթը կարողացան բավականին հավասարակշռված լուսաբանում ապահովել՝ եթե խոսքը գնում է պաշտոնական քարոզարշավի օրերի մասին։ Չեմ կարող ասել, որ ինչ-որ կողմնակալություն կար Արմենիա եւ ԱԹՎ հեռուստաընկերությունների դեպքում, բայց ծավալով եւ հաճախականությամբ իրենք աչքի չէին ընկնում եւ դա արդեն ավանդական քաղաքականությունն է այդ հեռուստաընկերությունների»։

Որպես հետաքրքիր դիտարկում Նավասարդյանն ասաց․ «Ի տարբերություն վերջին նախընտրական քարոզարշավների՝ Կենտրոն ՀԸ-ն շատ ավելի պասիվ էր եւ այդքան շատ ուշադրություն չէր դարձնում ԲՀԿ-ին, Կենտրոնը կարծես թե չէր կատարում այն դերակատարությունը, որ ուներ նախորդ ընտրությունների ժամանակ՝ ԲՀԿ-ի հաջողությունները ապահովելու առումով եւ հետաքրքիր է, որ բոլոր այդ ընտրություններում ԲՀԿ-ն ստանում է խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը, դա հնարավոր է, որ հենց կուսակցության քաղաքականության արտացոլումն էր եւ հետաքրքիր վերլուծությունների հիմք է տալիս, իսկ Երկիր Մեդիան այս ընտրությունների ժամանակ աշխատել է այնպես, ինչպես եւ նախորդ ընտրությունների ժամանակ։ Եթե նախորդների ընթացքում այն որոշ չափով ապահվում էր ՀՅԴ-ի տեղեկատվական բաղադրիչ նախընտրական պայքարում, այս անգամ ՀՅԴ-ն, որպես «Հայաստան» դաշինքի մաս՝ այդ նույն գործառույթը հեռուստաընկերությունը կատարեց դաշինքի համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ