«Նախագծի անհրաժեշտությունը բխում է պատգամավորների՝ իրենց ընտրողների հետ ավելի սերտ և հաճախ համագործակցելու անհրաժեշտությունից…»․Վահան Քերոբյանը պատգամավորների հավելյալ գումարը 250 հազար դրամ դարձնելու մասին

Այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված են 4 հիմնական նախագծեր։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ներկայացրեց նախագծերն ու դրանց ընդունման անհրաժեշտությունը․
«Օրակարգի հարցերից մեկը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն է։ Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների կտրուկ բարձրացման հետևանքով ընդերքն ավելի լավ պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Երկրորդ նախագիծը պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է։ Նախագծով առաջարկվում է ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ամսական գումարի չափն ավելացնել 50․000 դրամից սահմանելով 250․000 դրամ։ Այս նախագծի անհրաժեշտությունը բխում է պատգամավորների՝ իրենց ընտրողների հետ ավելի սերտ և հաճախ համագործակցելու անհրաժեշտությունից»։

Վահան Քերոբյանի ներկայացմամբ օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական բանկի միջև՝ Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի M6 Վանաձոր, Բագրատաշեն բարելավման ծրագիր վարկային համաձայանագրի երկարաձգումը, որով վարկը երկարաձգում է մինչև 2022թ․ դեկտեմբերի 31-ը։

««Չորրորդ հարցը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է։ Նախագծի անհրաժեշտությունը բխում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու՝ տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների շրջանակը հստակեցնելու համար»,-նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ