Միս գնել թե՞ ոչ․ Սիբիրյան խոցի տարածման և վտանգավորության մասին նոր մանրամասներ

Վերջին շրջանում ՀՀ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում սիբիրյան խոցի դեպքեր են հաստատվել։ Հիվանդները ընդհանուր 11-ն են, որոնք հոսպիտալացվել են, իսկ վարակված խոշոր եւ մանր եղջերավոր անասունները՝ ոչնչացվել:

Սիբիրախտը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչի աղբյուր են հանդիսանում ինֆեկցիոն պրոցեսի տարբեր ընթացքներում գտնվող հիվանդ կենդանիները:

Առայժմ տվյալներ չկան՝ սիբիրյան խոցով հիվանդ կենդանիների մսի վաճառք եղել է, թե՝ ոչ:

Թե ինչ քայլեր են իրականացնում պատկան մարմինները՝ մեր զրույցում մանրամասնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

— Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին Հայաստանում սիբիրյան խոցի առումով, Գեղարքունիքում եւ Շիրակում արձանագրված դեպքերից հետո ի՞նչ զարգացումներ են եղել:

— Հիմա ամբողջությամբ կառավարելի է ե՛ւ Գեղարքունիքում, ե՛ւ Շիրակում: Մենք սահմանափակումներ էինք դրել այն համայնքներում, որտեղ սիբիրախտ էր գրանցվել եւ թույլ չէինք տալիս կաթ մթերել, բայց արդեն սահմանափակումները հանեցինք, որովհետեւ կենդանիների ամբողջ գլխաքանակը պատվաստվեց: Ըստ հրահանգի՝ պատվաստումից 3 օր հետո հանվեցին այդ սահմանափակումները:

Այս պահին իրավիճակը նորմալ է, նոր հիվանդ մարդիկ չունենք, անկած կենդանիներն էլ ամբողջությամբ այրվել են:

— ՍԱՏՄ-ն սիբիրյան խոց ունեցող կենդանիների մսի վաճառքի դեպքեր բացահայտե՞լ է:

— Դեպք չի բացահայտվել: Մինչեւ մեզ տեղյակ պահելը կենդանիները մորթվել են եւ այդ ամբողջ մսեղիքը բաժանվել է գյուղի մեջ, այսինքն՝ շուկա դուրս չի եկել: Երեւանում գրեթե անհնար է, որ հայտնվի, որովհետեւ մեծ մասամբ սպանդանոցային միս է վաճառվում: Շիրակի մարզում շրջայցեր ենք իրականացրել բոլոր շուկաներում եւ որեւէ կասկածելի մսեղիք չենք հայտնաբերել, նույնն էլ արվել է Վարդենիսում: Ես օրեր առաջ գնացել էի Մարտունու անասնաշուկան, որտեղ տեսուչների հետ շրջեցինք, եւ նրանք գրանցեցին, թե որտեղից են կենդանիները: Նայեցինք՝ արտաքին տեսքից հիվանդ կենդանիներ կան, թե ոչ:

— Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ սիբիրյան խոցի տարածումը: Այս պահին դրա տարածման վտանգ տեսնո՞ւմ եք:

— Սիբիրյան խոցը մեծ տարածում երբեք չի ունենում, դա հողային ինֆեկցիա է, կենդանիները վարակվում են առաջին հերթին հողից. կարող են նաեւ վարակվել հիվանդ կենդանիների հետ շփումից: Հիվանդ կենդանուց մարդը վարակվում է մորթելու ժամանակ եւ այդ մսեղիքը օգտագործելու ժամանակ: Այսինքն, գլոբալ տարածման խնդիր չկա, լոկալ տարածքներում են դրանք: Այս բոլոր կենդանիները վարակված են եղել երաշտի հետեւանքով: Մենք միշտ պիտի պատրաստ լինենք, երբ երկրում երաշտ կա, սիբիրախտի դեպքեր են լինելու:

2012 թ. ավելի մեծ բռնկում ենք ունեցել Վարդենիսում, մի քանի գյուղերում դեպքեր են եղել: Եթե չեմ սխալվում 62 մարդ էր հիվանդացել: Նման դեպքում որեւէ պատվաստանյութ 100 տոկոսանոց էֆեկտիվություն չունի, բայց սիբիրախտի պատվաստանյութը համարվում է լավագույններից մեկը, որի էֆեկտիվությունը 88- 90 տոկոս է: Հակացուցված է պատվաստել միայն հյուծված կենդանիներին եւ հղիության 7- 9-րդ ամսվա ընթացքում գտնվող կենդանիներին: Այսինքն, կա ինչ-որ գլխաքանակ, որոնց վրա պատվաստանյութը կամ չի ազդում, կամ օբյեկտիվ պատճառներով չեն պատվաստվում: Երաշտի դեպքում սիբիրախտով վարակվելու հավանականությունը բավականին բարձրանում է:

— Վերջին շրջանում Հայաստանում որքա՞ն կենդանի է սիբիրախտով վարակվել:

— Գեղարքունիքում 24 խոշոր եւ 11-12 մանր եղջերավոր կենդանիներ են վարակված եղել, իսկ Շիրակի մարզում՝ 2 խոշոր եւ 3-4 մանր եղջերավոր:

— Տեսչական մարմինն ի՞նչ քայլեր է իրականացնում սիբիրյան խոցի հնարավոր տարածումը կանխելու համար:

— Վարդենիսի տարածաշրջանում կան վայրեր, որտեղ հիվանդ կենդանիներ են թաղվել ժամանակին, եւ դրանց տեղը ոչ ոք չգիտի: Սիբիրախտի հարուցիչը ցուպիկ է, որը պատիճ է առաջացնում եւ հողի մեջ հնարավոր է 100- 150 տարի գոյատեւի ու նպաստավոր պայմանների դեպքում անցնի կենդանու օրգանիզմ: Մենք առաջին հերթին թույլ չտվեցինք, որ անկած կենդանիները մորթվեն: Երկրորդը քայլը՝ թույլ չտվեցինք նաեւ, որ այդ գյուղերից կաթ մթերվի: Իսկ ամենակարեւորը կենդանիների դիակներն այրվեցին ու թաղվեցին, եւ ախտահանվեց այդ հատվածը:

— Կա՞ն հատուկ նշաններ, որից անասնապահները կարող են հասկանալ, որ կենդանին սիբիրյան խոց ունի եւ կանխել դրա տարածումը:

— Ցավոք, սիբիրախտ հիվանդությունը արագ, գերարագ եւ կայծակնային ընթացք ունի: Կայծակնայինի ընթացքում չեն հասցնում որեւէ կլինիկական նշաններ ի հայտ գալ, կենդանին սատկում է: Արագի եւ գերարագի դեպքում կենդանիները հյուծված են լինում, ինչպես բոլոր հիվանդությունների ժամանակ: Առաջին հերթին ուշադրություն պետք է դարձնել տենդին, կենդանիները բարձր ջերմություն են ունենում եւ հնարավոր է, որ բնական անցքերից արյունահոսություն լինի, լորձաթաղանթային տեսքն էլ է փոխվում: Եթե տեսնում ենք, որ կենդանին բարձր ջերմություն եւ ընկճվածություն ունի՝ պարտադիր պետք է դիմել անասնաբույժին:

Շատ հաճախ անասնապահները ինքնագործունեությամբ են զբաղվում եւ փորձում են կենդանիներին բուժել՝ լսելով, որ կարելի է ինչ-որ հակաբիոտիկ ներարկել: Բայց այս դեպքում մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենում: Եղել են նաեւ կենդանիներ, որոնք ինչ-որ հիվանդության նշաններ են ունեցել, եւ շատ արագ կանխել ենք, բուժումներ ենք իրականացրել: Եթե արագ ընթացքով է գնում՝ չի բացառվում, որ համապատասխան բուժումը նաեւ օգնի, եւ կենդանին առողջանա: Բայց երբ տեսնում ենք անկած կենդանի, որի բոլոր անցքերից արյունահոսություն կա, այդ դեպքում պարտադիր պետք է դիմել թե՛ համայնքի անասնաբույժին, եւ թե՛ տեսուչներին, որպեսզի հանկարծ այդ կենդանուց մարդ չվարակվի ու չփորձեն այդ կենդանուն մորթել:

— Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ, երբ մարդը կենդանուց վարակվում է սիբիրախտով կամ ուտում է սիբիրախտով հիվանդ կենդանու միս:

— Մենք այս պահին ունենք միայն հիվանդության մաշկային տեսակը: Սեւ վերքեր են առաջանում: Ոչ մի դեպքում չի կարելի այդ վերքերին ձեռք տալ, պետք է դիմել մասնագետներին եւ բուժում սկսել: Հիվանդությունը բուժվում է մարդկանց մոտ, եթե մաշկային է լինում:

— Պարո՛ն Ավետիսյան, քաղաքացիները կարո՞ղ են խանութներից առանց մտավախություններ ունենալու միս գնել:

— Իհարկե, քաղաքացիները հանգիստ կարող են միս գնել, հատկապես այն դեպքում, երբ մսավաճառներից պահանջում են 5-րդ ձեւը, որ կենդանին սպանդանոցային մորթ է անցել եւ QR կոդով ստուգում են, որ դա տրված է վերջին 3 օրերի ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ