Տիգրան Ավինյանը՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին

Սահմանային լարվածությունն առկա է, և այն ստեղծում է ադրբեջանական կողմը: Սա շատ կարևոր արձանագրում է, որը պետք է ֆիքսենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Ավինյանն ու նշեց, թե երբ փորձում ենք այլ մեղավորներ գտնել, սա մեզ սխալ տեղ է տանում:

«Շատ կարևոր է, որ սա մենք ինքներս հասկանանք, ընդունենք, ինչպես նաև մեր միջազգային գործընկերներին ևս պետք է համոզենք, որ ադրբեջանական կողմն է ստեղծում լարված իրավիճակ:

Սահմանային նմանատիպ լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխան, հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգությունը մեր սահմանապահ զորքերի, մեր զինված ուժերի պարտականությունն է:

Վաղ թե ուշ մեր բոլոր հարևանների հետ պետք է տեղի ունենան մեր սահմանների սահմանագծում և սահմանազատում: Բայց կոպիտ խախտելով մեր սահմանը, տեղակայվելով մեր սահմանի ներսում և նույնիսկ շանտաժային մեթոդներով փորձել մեզ մղել ինչ-որ գործողությունների՝ անարդյունավետ ճանապարհ է: Այսինքն՝ նմանատիպ շանտաժի մեթոդն ու մոտեցումը ՀՀ-ի և Հայաստանի ժողովրդի համար ընդունելի լինել չեն կարող:

Անպայման պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց առաջին հարցը, որը պետք է քննարկվի, դա ադրբեջանական զինվորականների հեռացումն է ՀՀ-ից»:

Գրեթե 2 ամիս է՝ ադրբեջանական զինվորականները Հայաստանի սուվերեն տարածքում են, որքա՞ն պետք է դեռ սպասել նրանց դուրս բերմանը: Ավինյանն ասաց՝ պետք է սպասենք այնքան, մինչև ադրբեջանական զորամիավորումները դուրս գան մեր տարածքից դիվանագիտական ճանապարհով:

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ի լուսադեմին ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում մառախուղի պատճառով կորել է կապը Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Նշենք նաև, որ հուլիսի 14-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գագիկ Սամվելի Ալավերդյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ