«Այսօրվա քաղաքական անկայուն վիճակը մեր երեխեքի կյանքերով ենք հատուցում…»․ Ռազմիկ Պետրոսյանը՝ Երասխի սահմանային միջադեպի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ։

Նա նշեց, որ նման միջադեպեր անընդհատ լինելու են, քանի դեռ երկրի ներսում չի ձևավորվել կայուն քաղաքական վիճակ։

«Ադրբեջանի իշխանության վերնախավը գիտի, որ իրենք չեն հաղթել, դա հաղթանակ չի իրենց համար։ Բայց ներքին օղակում էդ ձևական հաղթանակը ու Հայաստանի այսօրվա ներքաղաքական վիճակը, այս խմորումները, որ անում են այս չակերտավոր ընդդիմություն կոչվածը, դա ադրբեջանցիների համար պարարտ հող է, որ նրանց հնարավորություն կարող է տալ սադրանքների միջոցով ապակայունացնել վիճակը երկրում։ Կարծես նրանց ու ներքին ընդդիմություն կոչվածների աշխատանքի բնույթն ու շահերը համընկնում են այս պահին»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

Նա նշեց, որ մեզ համար այսօր շատ կարևոր է՝ առաջնագծում մեր զինվորների կյանքը խնայելը, խաղաղություն ու կայունություն ունենալը, և ներքին կայուն վիճակը։

«Մնացած մասով մեր բանակը հզոր է, ես գիտեմ վստահ եմ, մենք էլ մեր տղերքով պատրաստ ենք և անհրաժեշտության դեպքում, այս անգամ արդեն առանց սադրիչների մեր արանքում թողնելու, հաստատ հաղթանակ կունենանք։ Այնպես որ հիմա մենք ոչ թե մեր բանակի մասին մտածելու խնդիր ունենք, այլ ներքին կայունության խնդիր ունենք բանակում։ Այսօրվա քաղաքական անկայուն վիճակը մեր երեխեքի կյանքերով ենք հատուցել»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ ներսում կայուն վիճակի պարագայում հնարավորություն կստեղծվի կարճ ժամանակում բանակում ամբողջ բացթողումները վերացնել ու նպատակադրված անելիքներն անել ու նաև արտաքին քաղաքական կենտրոնների ուշադրությունը կենտրոնացնելով՝ կարողանալ հակազդել Ադրբեջանի նկրտումներին։

Խոսելով նաև մեր բանակի սպառազինության մասին, Ռազմիկ Պետրոսյանն ասաց․
«Որպես նախկին զինվորական, շատ բաների մասին չեմ բարձրաձայնի, բայց ասեմ, որ և՛ պատերազմի ժամանակ, և՛ վերջին երկու տարում ունեինք արդեն բավականին սպառաիզնություն, իսկ այդ տեմպը հիմա շատ ավելի կազմակերպված է, շատ ավելի կանոնակարգված է։ Մի բան պիտի ասեմ, որ մենք մեր անվտանգության հարցով նորմալ կազմակերպված աշխատանքային փուլում ենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ