Մահացել է Ալլա Պուգաչովայի երկրորդ ամուսինը

Կյանքի 77-րդ տարում մահացել է ռեժիսոր, դերասան և սցենարիստ, երգչուհի Ալլա Պուգաչովայի նախկին ամուսին Ալեքսանդր Ստեֆանովիչը: Այս մասին հուլիսի 13-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ռուսաստանի Կինոյի տան տնօրեն Եկատերինա Գոլովնյան:

Ստեֆանովիչը մահացել է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ հոսպիտալացվել էր նախորդ օրը՝ թոքերի ախտահարմամբ:

Հուլիսի սկզբին ռուսական էստրադայի Պրիմադոննայի նախկին ամուսինը շտապ հոսպիտալացվել էր կորոնավիրուսով: Նա վարակվել էր դեռևս հունիսի վերջին, բայց երկար ժամանակ չէր դիմել բժիշկների: Երբ նրա վիճակը վատացել է, շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց:

Ալեքսանդր Ստեֆանովիչը ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվայում: 1969 թվականին նա ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, իսկ հաջորդ տարի սկսել է աշխատել որպես «Մոսֆիլմ»-ի բեմադրող ռեժիսոր: Նա գրել է ավելի քան 70 սցենար:

Ենթադրվում է, որ Ստեֆանովիչը նշանակալի դեր է ունեցել Ալլա Պուգաչովայի բեմական կերպարի ստեղծման գործում:

Ալեքսանդր Ստեֆանովիչը Պուգաչովայի երկրորդ ամուսինն էր: Նրանք ամուսնացած են եղել երեք տարի՝ 1977 թվականի դեկտեմբերից մինչև 1980 թվականի դեկտեմբեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ