Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել Հյուսիս-հարավի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը

Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել Հյուսիս-հարավ ճանապարհի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը:

Ճանապարհային միջանցքի ասֆալտբետոնե հատվածի փռման աշխատանքներին ծանոթանալու համար հուլիսի 13-ին Շիրակի մարզում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու շինարարության պատասխանատուները:

Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով 50 կմ ճանապարհի շինարարություն: Սա թույլ կտա ճանապարհահատվածը դարձնել երթևեկելի:

«Կարծում եմ, որ այս տարի մեր նախանշած 50 կմ ճանապարհը կկարողանանք ունենալ, որովհետև տեմպն այնպիսին է, որ հույս է ներշնչում, որ գործընկերները կարողանալու են իրենց խոստումը կատարել: Այս պահին արդեն ավարտվել է 24 կմ երկշերտ ճանապարհի շինարարություն, որը մի քանի անցումների կառուցումից հետո թույլ կտա երթևեկությունը տեղափոխել այդ հատված: Գյումրի հասնելն առավել հեշտ կդառնա»,-լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Սուրեն Պապիկյանն ու տեղեկացրեց, որ Ճանապարհային ոստիկանության հետ արդեն հարցը քննարկել են, գծանշումներից հետո այդ ճանապարհը կդառնա երթևեկելի:

Եվրամիությունը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը:

«Խոսքը շուրջ 600 մլն եվրոյի մասին է, որը բավական մեծ գումար է, և քանի որ արդեն ունենք նախագծանախահաշվային փաստաթղթեր, Կառավարությունն էլ որոշում ուներ, ամեն ինչ պետք է անենք, որ օգոստոսին մրցույթ հայտարարենք: Հիմա մեր խնդիրը ֆինանսական աղբյուրների հստակեցումն է, որ կարողանանք արագացնել պրոցեսը: Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ ինչպես, որ խողովակով և կատարել մեր հետագա աշխատանքները»,- նշեց Պապիկյանը: Անկախ Եվրամիության աջակցությունից, որոշում կար Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինաշխատանքների մրցույթ հայտարարել, քանի որ փաստաթղթերը պատրաստ են: Այս հատվածի համար ֆինանսական հստակություն, ըստ Պապիկյանի չի եղել:

«Կառավարությունն էր սեփական միջոցներից ֆինանսավորելու, հիմա շատ լավ է, որ կան հավելյալ միջոցներ, կհասկանանք ինչպես կազմակերպել: 1.2 մլրդ կարժենա միայն թունելների հատվածը մինչև Քաջարան, այնուհետև 250 մլն դոլար՝ մինչև Ագարակ: Հավանաբար, գումարը բավարար կլինի, եթե ոչ՝ կմտածենք այս մասին»,- նշեց Սուրեն Պապիկյանը: Ճանապարհահատվածներ կան, որոնց հետ կապված խնդիրները դատական հարթակում են վիճարկվում: Թե ինչ է լինելու դրանց հետ, դեռ հստակ չէ: Սուրեն Պապիկյանն ասաց՝ բանակցում են, որպեսզի դադարեցված շինարարությունը վերսկսելու հնարավորություն ստեղծվի կամ նոր մրցույթ հայտարարվի, կամ կապալառուին ինչ-որ տարբերակով աշխատանքը շարունակելու իրավունք տրվի: Կլինի՞ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածում շինարարություն, թե՝ ոչ: Սա, ըստ նախարարի պաշտոնակատարի, մեծապես կախված է վրացական կողմից: Կառուցումը պետք է լինի փոխադարձ, որպեսզի հնարավոր լինի հասնել Սև ծովի նավահանգիստներին: Այս պահին առավել խնդրահարույց է Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածը: Պապիկյանն ասաց, որ այս տարի կհայտարարվի փոխանցիկ մրցույթ, հայտնի կդառնա շինարարը, աշխատանքները, սակայն, կսկսվեն հաջորդ տարվանից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ