Առաջիկա 8 տարիներին Հայաստանում 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի՝ նոր անտառային տարածքներ հիմնելու համար

Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։

Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում:

Կանաչ կլիմայի հիմնադրամի ութնամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է, կխարսխվի Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բոլցանո ինքնավար նահանգի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՊԳԿ-ի տրամադրած ֆինանսավորման և տեխնիկական հմտությունների վրա։

Ծրագրի շրջանակում հունիսի 15-ին համաձայնագիր են ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Երեկ  Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման  համաձայնագիր են կնքել` որպես իր կողմից բնաիրային ներդրում:

Սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի  առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը  (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է:

Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ