«Պետք է լինի գաղափարական ընդհանրություն…». Որ ուժերն են հրաժարվել արտախորհրդարանական ուժերի նոր հարթակին մաս կազմել և ինչու

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Այդ հանդիպմանը նա, մասնավորապես, նշել է. «Պետք է փորձենք մշտական գործող ֆորմատ ձևավորել իմ մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ ու եթե կարելի է այսպես ասել՝ մտագրոհի տեղ, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր հարցերը քննարկել»:

Սակայն որոշ արտախորհրդարանական ուժեր, որոնք առանձին հանդիպում էին ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, այս հանդիպմանը չեն մասնակցել: Դրանց շարքում են «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Քաղաքացու որոշումը», և ԲՀԿ-ն:

Ինչն է պատճառը, որ նրանք հրաժարվել են նման ձևաչափով համագործակցությունից:

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Շարունակում եմ մնալ իմ այն համոզման, որ վարչապետի առաջարկած արտախորհրդարանական ուժերի հարթակը չի կարող արդյունավետ գործող մարմին դառնալ։ Չափազանց կարևոր եմ համարում համագործակցությունը, նույն հարթակում գործելու հնարավորությունը բացառապես այն ուժերի հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություն, Հայաստանի ապագայի, ժողովրդավարական հեռանկարի վերաբերյալ նույնական պատկերացում և ընկալում»:

Նրա խոսքով, արտախորհրդարանական որևէ հարթակի գլխավոր և առաջնահերթ առաքելությունը պետք է լինի մեր երկրի ժողովրդավարական ուղին և ինքնիշխանությունը երաշխավորող բոլոր ուղղություններով բարեփոխումների օրակարգն առաջ մղելը. «Ամենայն հարգանքով այս ձևաչափում ընդգրկված բոլոր քաղաքական գործիչների հանդեպ, բայց չենք կարող նույն սեղանի շուրջ քննարկումներ ծավալել այնպիսի ուժերի հետ, որոնց համար Հայաստանի պետականությունը, անկախությունը անքննելի արժեք չեն, որոնք Հայաստանը միութենական պետության մաս դարձնելու անթաքույց ցանկություն են հայտնել, որոնք վերջին ամիսներին Հայաստանի անվտանգության խնդիրները ներքին, ազգային ուժերով առողջացնելու փոխարեն Սյունիքում օտարերկրյա նոր ռազմաբազա հիմնելու քարոզով էին զբաղված, ում համար երկրում արմատական բարեփոխումների մասին պատկերացումները չեն ելնում Հայաստանի ժողովրդավարական և ինքնիշխան ապագան անշրջելի դարձնելու նպատակադրմամբ։

Մենք մնում ենք այն համոզման, որ Ազգային ժողովից դուրս արդյունավետ և գործուն մարմին ձևավորելու համար անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական միևնույն արժեքային հենք ունեցող ուժերի հարթակ, որը էապես կօգնի նաև արտահերթ վերջին ընտրությունների արդյունքում ձևախեղված քաղաքական դաշտի առողջացմանն ու դաշտի հավասարակշռմանը»:

Նման ձևաչափով համագործակցությունն անարդյունավետ է համարում նաև ՔՈ կուսակցությունը, որի անդամ Միքայել Նահապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կոնկրետ այս հարթակին մաս չեն կազմելու, բայց այլ ֆորմատների, այլ քննարկումների, այլ հանդիպումների հետ կապված նոր որոշումներ կլինեն:

«Կուսակցության գործադիր մարմնի անդամների մեծամասնությունը գտել է, որ հաշվի առնելով նախորդ փորձառությունը, և մեր գործունեության առաջնահերթությունները, իմաստ չկա այդ ֆորմատին մասնակցելու: Նախորդ նման ֆորմատների անարդյունավետությունը, կառավարության գործունեության վրա իրական ազդեցության հնարավորությունների բացակայությունը անիմաստ է դարձնում նման ֆորմատի մեջ մեր մասնակցությունը:

Կուսակցությունում եղել են նաև մարդիկ, որոնք կողմ են քվեարկել մասնակցությանը, իրենք էլ իրենց հիմնավորումներն ունեն, մասնավորապես, առաջնահերթ հարցերը բարձրաձայնելու, առնվազն քաղաքական օրակարգ մտցնելու, թեկուզ մերժում ստանալու տեսանկյունից»,-ասաց Նահապետյանը:

Նա հավելեց, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի նման քննարկումները ինքնախաբեություն են, որովհետև վերջին 3 տարվա փորձը ցույց չի տվել, որ նման ֆորմատները հասարակական-քաղաքական կյանքի վրա որևէ էական ազդեցություն ունեն:

Հարցին, թե արծում է՝ Փաշինյանը փորձում է սրանով առկա լարվածությունը թուլացնե՞լ, ՔՈ կուսակցության ներկայացուցիչն արձագանքեց. «Այդպիսի փաստարկը կյանքի իրավունք ունի: Եվ կողմ քվեարկողների, և դեմ քվեարկողների մեջ այդպես մտածողներ եղել են»:

Փորձեցինք պարզել, թե ինչու այդ հանդիպմանը չի մասնակցել նաև ԲՀԿ առաջնորդը, որը մինչ այդ առանձին հանդիպում էր ունեցել Փաշինյանի հետ: ԲՀԿ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ըստ ամենայնի չեն մասնակցի այդ հարթակի աշխատանքներին: Քանի որ ԲՀԿ-ում ամեն բան որոշում է մեկ մարդ՝ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ականները հստակ որևէ բան չնշեցին, միայն ասացին, որ այդ հարցը չի քննարկվել և չի էլ քննարկվելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ