«Հրայր Թովմասյանը օրենք է խախտել՝ ՍԴ վարույթում քննվող հարցի շուրջ կարծիք հայտնելով․ ԱԺ-ն պետք է դիմի ՍԴ՝ Թովմասյանի նկատմամբ կարգապահական վարույթի համար»․ Դանիել Իոաննիսյան

Civic.am-ի հյուրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։

Ըստ Իոաննիսյանի, դատարանը անդրադառնում և քննություն է իրականացնում դիմումատուների կողմից իրենց դիմումներում ներկայացված հանգամանքների շրջանակներում։ «Դրանց մի մասը ռելևանտ է, մի մասը ռելևանտ չէ, մի մասը ճիշտ է, մի մասը սուտ է, մի մասը անհեթեթություն է կամ անհեթեթություն չէ, այսինքն՝ ինչ ներկայացրել են, դա էլ քննում են։ Բայց երբ մենք գալիս ենք նրան, թե ի՞նչ են դիմումատուները ներկայացրել իրենց դիմումներում, երբեմն սկսում ենք ծիծաղել։ «Զարթոնք»-ի և «Հայաստան» դաշինքի դիմումներում երբեմն ինչ-որ ծիծաղելի, անլուրջ բաներ են ներկայացված։ Օրինակ՝ «Զարթոնք»-ը, ինչ-որ ախմախություն է առաջարկում, որ ՍԵԿՏ-ով ստուգենք՝ այս 109 հազար մարդը երկրու՞մ է, թե՞ երկրում չէ ու Հրայր Թովմասյանը լուրջ-լուրջ դա քննարկում է։ Նույն Հրայր Թովմասյանը հինգ տարի առաջ ինձ բացատրում էր, թե ինչու ՍԵԿՏ-ով հնարավոր չէ շատ մարդկանց երկրում լինել-չլինելը ստուգել։ Ուզում ես հասկանալ սկլերոզ ունի՞ ու մոռացե՞լ է իր ասածները, սա անլրջություն է։ Ինքն իր պահվածքով, մի քիչ էլ՝ Արևիկ Պետրոսյանը, բայց հիմնականում ինքը արժեզրկում են այս դատարանը։ Ինքը նաև օրենք է խախտել։ ՍԴ մասին օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետն ասում է, որ ՍԴ դատավորը չի կարող կարծիք ասել այն հարցի հետ կապված, որը կարող է իր վարույթում հայտնվել կամ՝ այժմ քննվում է վարույթում։ Ինքը այդպիսի հարցերի հետ կապված առնվազն երկու անգամ կարծիք է հայտնել։ Այս հարցով պետք է ԱԺ-ն դիմի ՍԴ և ՍԴ-ն Հրայր Թովմասյանի նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցի», — ասաց Դանիել Իոաննիսյանը։

Անդրադառնալով ընդդիմության ներկայացրած դիմումների որոշ բովանդակային կետերին, Իոաննիսյանը նշեց․ «Օրինակ, չի կարող նշանակվել երկրորդ փուլ, առանց մանդատների վերաբաշխման։ Տարրական բաների իրենք չեն տիրապետում։ Բացի պատվարժան դատարան, բարձր դատարան կամ պատվարժան բարձր դատարան արտահայտությունները շատ սիրուն արտասանելուց և բացի ընթացակարգային ինչ-որ բաների տիրապետելուց ուրիշ բան չկա։ Այսպսիսի բաների Վարդևանյանը տիրապետում է երևի ներկաներից ամենալավը։ Վերջակետ, այդքանով պրծնում է։ Իսկ կարող էին իրենց դիմումում այնպիսի բաներ գրել, որով իրենց դիմումն ավելի հիմնավոր կդառնար։ Էլի, իհարկե ընտրությւոնները անվավեր ճանաչելուն մեղմ ասած չէր հասնի, բայց դիմումն ավելի հիմնավոր կդառնար։ Ինչ-որ մեկը վստահ է, որ ինքը իրավաբանության գուրու է, եկել է ու պարզ բաներ չի հասկանում»։

Վերադառնալով անհեթեթությունների թեմային Իոաննիսյանը նշեց․ ««Հայաստան» դաշինքը և Հրայր Թովմասյանն էլ այդ գծի մեջ է, ասում են, որ ինչ-որ նորմեր սահմանադրական չեն և այլն։ Ենթադրենք այդ հիմքով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն և նոր ընտրություններ արվեն։ Ներեցեք, իսկ նոր ընտրությունները ի՞նչ իրավակարգավորումներով են լինելու։ Նույն իրավակարգավորումներով։ Հրայր Թովմասյանին ես չեմ ընկալում որպես դատավոր, այլ ընկալում եմ որպես դատավարության կողմ, նաև՝ Արևիկ Պետրոսյանին։ Եվ ի վերջո, ամենաէպիկն այն է, որ Ընտրական օրենսգրքից, բացառությամբ ռեյտինգային ընտրակարգի, խոսում է նույն Հրայր Թովմասյանը, որն այս օրենսգիրքը գրել է։ Եղբայր քո գրած օրենսգիրքն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ