Հրայր Թովմասյանի «կորսված» ստորագրությունը գտնվել է

Հուլիսի 11-ին Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների  քննության ժամանակ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանին, հայտնեց, որ իր տեղամասի՝ հրապարակված ստորագրված ցուցակներում իր անունը բացակայում է. գրում է fip.am-ը:

«Շատ լավ ներկայացրեցիք, բայց եթե այդպես լավ չներկայացնեիք, ես չէի փորձի ստուգել իմ ընտրական տեղամասը։ Ես չկամ այնտեղ։ Ես քվեարկել եմ, չկամ, և յոթ ընտրող պակաս է արձանագրություններում և մյուսում։ Կարող եմ հուշել՝ 15-րդ էջը չկա, ընտրատեղամասը 11/26-ն է»,- ասաց Թովմասյանը՝ հեգնելով ԿԸՀ քարտուղարի մինչ այդ արած հայտարարությունը, որ բոլոր սխալանքներն արդեն ուղղվել են։

Ի պատասխան Հրայր Թովմասյանի՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նկատեց, որ ուղղվել են կուսակցությունների կողմից ներկայացված դիմումներում նշված բոլոր թերությունները, և նշում արեց՝ բարձրացված հարցը ճշգրտելու համար։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց ԿԸՀ կայքում հրապարակված  11/26 տեղամասի ընտրողների ստորագրված ցուցակները և հայտնաբերեց, որ ցուցակի 15-րդ էջը, ինչպես նաև Հրայր Թովմասյանի անունն ու ստորագրությունը, այնուամենայնիվ, առկա են։

Պարզաբանում ստանալու համար FIP.am-ը կապ հաստատեց ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչություն, որտեղից մեզ հայտնեցին, որ 11/26 ընտրատեղամասի հրապարակված ցուցակներում իրոք թերություն է եղել՝ սքանավորման ժամանակ բաց է թողնվել 15-րդ էջը, որտեղ էլ հենց եղել էին Հրայր Թովմասյանի, նրա ընտանիքի անդամների և ևս երեք հասցեի բնակիչների ստորագրությունները։
«Թերությունը ուղղվել է, և պակասող էջը ավելացվել է Թովմասյանի կողմից այդ մասին հայտնելու հաջորդ իսկ օրը»,- հայտնեցին ԿԸՀ-ից։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դիտարկումն այն մասին, որ իր անունը բացակայում է հրապարակված ցուցակներից, ճիշտ է, ինչը, սակայն, տեխնիկական խնդիր է եղել և արագ շտկվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ