Հարևանից միս գնելով՝ հայտնվել են Գյումրու ինֆեկցիոնում․ սիբիրյան խոցը մոլեգնում է

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում, որտեղ սիբիրյան խոց է տարածվել, անասուններ են սատկել, վարակը դեռ մոլեգնում է։ Այս գյուղից ևս երկու կնոջ, որոնք վարակված կենդանիների միս էին գնել, մշակել, երկու օր առաջ տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Մինչ այդ Գյումրու ինֆեկցիոնում այս գյուղից բուժվում էին 8 հոգի։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երկու կանանց վիճակն այս պահին միջին ծանրության է, սակայն նրանք տանը զբաղվել են ինքնաբուժությամբ՝ ձեռքերի վերքերը խորացել են, այտուցվել։ «Նրանք միսը գնել են իրենց հարևանից, մսի հետ են գործ ունեցել»,-ասաց Աստղիկ Բեյբությանը։

Իսահակյան գյուղի՝ Գյումրու ինֆեկցիոնում բուժվող 10 բնակիչներից 2-ին դուրս են գրել հիվանդանոցից։ Այս պահին փաստացի բուժվում են 8 հոգի։

Հիշեցնենք, որ այս գյուղում տարօրինակ զարգացումներ տեղի ունեցան, սիբիրյան խոցի տարածումից մեկ օր անց ինքնասպան եղավ գյուղի 70-ամյա անասնաբույժը։

Ինչպես հայտարարել էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Շիրակի մարզում պատվաստումներ ընդհանրապես չեն կատարվել, անասնաբույժը ստորագրել էր տվել գյուղացիներին մատյանի մեջ, որ պատվաստվել են, բայց չէր պատվաստվել։ Ըստ Գեորգի Ավետիսյանի, ողբերգական դեպքից մի օր առաջ տեսուչները անասնաբույժի տան սառնարանից գտել էին ամբողջ պատվաստանյութը, որոնք մեկ օրվա ընթացքում կենդանիներին ներարկել էին Շիրակի մարզի այլ անասնաբույժների միջոցով։

Նշենք, որ անասնաբույժին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում իրավապահները քննության առարկա են դարձրել նաև այն վարկածը, թե արդյոք անասնաբույժի՝ ինքնասպանություն գործելը կապ ունի պատվաստումներ անելու-չանելու հետ։ Ի դեպ, անասնաբույժը կախվելուց առաջ գրություն է թողել, ըստ մարզի ոստիկանների, այն ավելի շատ ցուցմունք է հիշեցնում։ Անասնաբույժը մանրամասնորեն, հասցե առ հասցե գրել է, թե գյուղի որ բնակչի հետ ինչ զրույց է ունեցել պատվաստման թեմայով։ Սիբիրյան խոցի տարածման փաստով ևս քրգործ է հարուցվել։

Ինչպես Aravot.am-ին ավելի վաղ տեղեկացրել էր Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը, իր հանձնարարությամբ Քրեական օրենսգրքի 286 հոդված 1-ին մասով քրգործ է հարուցվել, այն է՝ անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ