«Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ». Էդուարդ Շարմազանով

Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ: Այսպիսի կոչ է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ: Խոսքը մասնավորապես վերաբերում է վերջերս համացանցում քննարկվող՝ կիսանախագահական համակարգին անցնելու հարցին, որի հեղինակը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Շարմազանովը մասնավորապես գրել է.

«Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ: Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե՛ պարլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից:

Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:

Առաջնայինը պետք է լինեն ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն, այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը:

Հ.Գ. Առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ այն վտանգներին, որն իր մեջ պարունակում է հնարավոր վերադարձը կիսանախագահական համակարգին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ