Կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ են գործում ․ կառավարության նոր որոշումը

Կառավարությունը հուլիսի 9-ին որոշում է ընդունել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

Իրավաբան.net-ը հայտնում է, որոշմամբ սահմանված են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։

ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ

Հավելվածի 2-րդ կետով սահմանված է․ Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ): Սերտիֆիկատ չի պահանջվում 0-ից մինչև 11 ամսական 29 օրական երեխաների համար։ Սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատը (տեղեկանքը) ներկայացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2194-Ն որոշմամբ սահմանված կարգով: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը, սերտիֆիկատ չունեցող անձանց տեղեկացվում է օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում նմուշառման մասին: Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

2․1 կետում նշվում է, որ 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատի փոխարեն անձը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ): Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն, պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակում է գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել սույն կետում նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները կամ տվյալ օտարերկրյա պետությունում տրամադրվող սերտիֆիկատի ձևանմուշն ընդունելի լինելու մասին տրվել է ՀՀ իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից: Պատվաստման սերտիֆիկատը անձը կարող է ներկայացնել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:

ԱՐՄԵԴ համակարգում գրանցված անձանց դեպքում սույն կետի պահանջներին բավարարող պատվաստման սերտիֆիկատը կարող է հասանելի լինել համապատասխան բջջային հավելվածով։ Անձը կարող է բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով ներկայացնել պատվաստման վերաբերյալ տեղեկանք՝ պաշտպանված գծիկային կոդի (QR կոդ) միջոցով:

Բացի վերոնշյալ սերտիֆիկատի և պատվաստման սերտիֆիկատի առկայության և զննության արդյունքներով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերից, մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և ապահովում են անձի տվյալների մուտքագրումը և ինքնամեկուսացման գրանցումն ԱՐՄԵԴ համակարգ՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ: ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին:

ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՀՀ ժամանած անձը սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատը կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին օդանավակայանի ելքի մոտ ներկայացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցներին։ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունեցող և ՊՇՌ հետազոտության համար նմուշառման փաստը հաստատող փաստաթուղթ ներկայացրած անձանց տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո Ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։ Օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ արգելվում է։

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց նշված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունենալու դեպքում նրանց՝ ՀՀ տարածք մուտք գործելն արգելվում է:

7. ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, սույն հավելվածի 2-րդ կետի հիմքով հոսպիտալացման կիրառման դեպքում, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ և ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ անձն ուղեկցվում է մինչև շտապ օգնության մեքենա և տեղափոխվում համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն, իսկ 3-րդ կետով սահմանված միջոցառման կիրառումից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։ Մեկուսացման հրահանգը տրվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անունից` մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի գրավոր հրահանգով` նշելով չկատարման համար ՀՀ օրենսդրական ակտերով սահմանված պատասխանատվության միջոցները: Մեկուսացման դեպքում անձը ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի սահմանած մեկուսացման վայր:

8. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն միջոցներ են ձեռնարկում ապահովելու արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների և ՀՀ մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց սույն գլխով սահմանված կանոնների վերաբերյալ նախապես իրազեկելու ուղղությամբ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բոլոր կոմերցիոն ավիափոխադրողներին տրամադրում է ծանուցման թերթիկներ՝ չվերթի ժամանակ ուղևորների կողմից լրացվելու համար։

Հարկ է նշել, որ որոշ բացառություններ կան օդաչուների և Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամների և միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը) համար: Ընդ որում, վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները՝ հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ:

Անձին 14 օրացուցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման:

Ինքնամեկուսացված անձի նկատմամբ իրականացվում է օբսերվացիա:

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Քրեակատարողական հիմնարկներում թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում, անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ:

Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:

ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկի, կիրառման դեպքերի և կարգի:

Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վերահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով:

Բոլոր ուսումնական հաստատություններում և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում:

Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) առկայությունը պարտադիր է: Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) պետք է լինի տեսանելի, իսկ դրանում առկա տվյալները՝ բավարար չափով պարզ և ընթեռնելի՝ անձի նույնականացումն ապահովելու համար։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ

Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները (այսուհետ՝ առողջապահական կազմակերպություններ) Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրում իրենց հայտնի՝ ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված կամ օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները՝ անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, ինքնամեկուսացման վայրի հասցեն, ինքնամեկուսացում սկսելու ամսաթիվը, բուժում անցնելու վայրի հասցեն, հեռախոսահամարները, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը:

Սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորը փոխանցում է Տեսչական մարմին և ոստիկանություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ