Եթե 10 տարվա ընթացքում չես կարողանում բանակ ուժեղացնել, փոխարենը ժեշտից բանկաներ ես դնում, դու ոչինչ ես։ Դա է արել Սերժ Սարգսյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, նախօրեին ՀՀ երերոդ նախագահը ծավալուն հոդված է հրապարակել կազանյան հայտնի փաստաթղթի, Կազանում տեղի ունեցած հանդիպման, դրան նախորդած ու հաջորդած իրադաձությունների մասին։ Հոդվածում ներկայացվում է այնպես՝ կարծես, թե կազանյան փաստաթուղթը մի հրաշք փաստաթուղթ էր, անգամ ավելի լավը քան մադրիդյան հայտնի սկզբունքները։ Ծանոթ լինելով բանակցային պատմությանը ի՞նչ դիտարկումներ ունեք այս հոդվածի շուրջ։

–Կարդալով այդ հոդվածը մեկ անգամ ևս համոզվեցի, որ նա եղել է միանգամայն ոչ կոմպետենտ նախագահ։ Նրա անգործությունը՝ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում բերեց այսօրվա աղետալի իրավիճակին։

Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նրա դիտարկումներին, ապա կա հայտնի ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովը։ Եզրափակիչ ելույթով այն ժամանակ հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նա հայտարարեց, որ մադրիդյան սկզբունքները հանդիսանում են հիմք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և որ հակամարտությունը պետք է կարգավորվի այդ սկզբունքների բոլոր դրույթների հիման վրա։ Քլինթոնը նշեց, որ Միացյալ Նահանգները չի ընդունի կարգավորման որևէ տարբերակ, որը չի ելնի այդ սկզբունքներից։ Հիշեցնեմ, որ այս սկզբունքներով հստակ արձանագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման հիման վրա։ Ինչ վերաբերում է կազանյան փաստաթղթին, ապա այն ենթադրում էր, որ ամեն ինչ հանձնվում է Ադրբեջանին՝ ինչ-որ անորոշ անվտանգության դիմաց։ Նշվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հաստատվում են տնտեսական հարաբերություններ։ Մի հնարավոր առավելությունն այն էր, որ Ադրբեջանը համաձայնվում էր այդ բոլոր 7 շրջանների դելիմիտարիզացիային։

Եթե Սերժ Սարգսյանն ու իր թիմը հետևողական լինեին ու ընդունեին մադրիդյան սկզբունքները, ապա Ղարաբաղի ճանաչումը այդ սկզբունքների հիման վրա կլիներ միջազգայնորեն պարտադրված։ Հիմա Ղարաբաղը չի կարող համակերպվել այսպիսի խայտառակության, արժանապատվության կորստի հետ։ Վերջնական արդյունքում մենք պետք է միավորվենք ու մտածենք, թե ինչպես ենք վերադարձնելու կորցրածը՝ հաշվի առնելով ներկայիս պայմանները։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս ամենում իր կեղտոտ խաղը խաղաց Ռուսաստանը, որը ձգտում էր ամեն ձևով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որ ինչ-որ դիվիդենտներ ստանա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարքներում։

-Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հարցում ուժե՞ղ բանակցող էր։

-Ո՛չ, Սերժ Սարգսյանը հիմար բանակցող էր։ Եթե տաս տարվա ընթացքում չես կարողանում բանակ ուժեղացնել, փոխարենը «կաշամաններ» ես դնում՝ ժեշտից բանկաներ, դու ոչինչ ես։ Դա է արել Սերժ Սարգսյանը։

-Հիմա փաստորեն նա ներկայացնում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել և Ալիևն է վերջին պահել հրաժարվել փաստաթուղթը ստորագրել, իսկ հետագայում եկած իշխանությունը չի կապիտալիզացրել իր «ձեռքբերումները»։

-Հարց եմ տալիս Սերժ Սարգսյանին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ կռիվը սկսել էր արդեն , 10 ժամ Գերմանիայում ի՞նչ էր անում։ Թող ստի դետեկտորով գա ու պատասխանի։

Սերժ Սարգսյանը փորձում էր մաքսիմալ ձգել պրոցեսը, թեպետ պատրաստ էր մեծ փոխզիջումների գնալ։ Բայց ե՞րբ են ձգում, երբ հնարավորություն ունես այդ ընթացքում ուժեղացնել քո երկիրն ու բանակը, կարողանաս պատասխանել արտաքին մարտահրավերներին։ Այդ ժամանակ պրոցեսը ձգելն իմաստ է ունենում։ Բայց երբ դու ոչ այն ես անում, ոչ մյուսը՝ ի՞նչի համար ես պիտանի։

Աղբյուրը՝  1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ