ՔՊ-ն 3 ներկայացուցիչ կունենա ՍԴ-ում․ 2-ը՝ Ռուստամ Բադասյանն ու Սուրեն Գրիգորյանը․ Վահագն Հովակիմյան

Վաղը՝ հուլիսի 9-ին, Սահմանադրական դատարանը կքննի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված դիմումները։ Նշենք, որ այդ պահանջով ՍԴ են դիմել ընտրություններին մասնակցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական ու «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Սահմանադրական դատարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա երեք ներկայացուցիչ, որից երկուսը կլինեն արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

ՍԴ-ում որպես ՔՊ ներկայացուցիչներ հանդես գալու համար Ռուստամ Բադասյանն ու Սուրեն Գրիգորյանը պետք է արձակուրդի մեջ լինեն։ Մենք կապ հաստատեցինք արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանի հետ՝ ճշտելու ստորագրվա՞ծ են արդեն նրանց արձակուրդի դիմումները։

«Ռուստամ Բադասյանն արձակուրդում է լինելու այդ գործընթացի ժամանակ, իսկ Սուրեն Գրիգորյանն արդեն իսկ արձակուրդում է»,-պատասխանեց Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 7-ին, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ-ում ներգրավվել է որպես երրորդ անձ և կմասնակցի արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճի դատավարությանը։

Նա նաև տեղեկացրել էր, որ առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը՝ դաշինքների ու կուսակցությունների կողմից ՍԴ ներկայացված դիմումների կապակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ