Ընտրություններից հետո փողոցային պայքար չսկսելը ոչ թե Քոչարյանի արյուն չթափելու ցանկության, այլ գոնե մեկ անգամ ռեսուրսները ճիշտ հաշվարկելու մասին է վկայում

«Նախորդ տարիներին կազմակերպված ընտրություններից հետո եղել են փողոցային պայքարներ, սակայն դրանք բերել են արյուն, և ասվածի լավագույն օրինակը՝ Մարտի 1-ը։ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, երբեք մարդկանց չի օգտագործել իշխանություն վերցնելու համար և նույնը չի անի հիմա։ Այս իշխանության օրոք փողոցային պայքարն ավարտվելու է բախումներով, իսկ նախագահ Քոչարյանը դեմ է դրան»։

Համեմատելով նախորդ ընտրական գործընթացների հետ՝ Վարդանյանը նաև շեշտեց՝ «ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը մեր պատմության մեջ արյուն բերած գործիչներ են»։

Պնդումների հեղինակը «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն, ներկայումս մեղադրյալ, բայց ընդդիմադիր հարթակներում քաղաքագետ ներկայացող Արա Վարդանյանն է:

«ՉԻ». Ճիշտն ասած, մենք էլ առանձնապես ոգևորված չենք մուրճի գաղափարից, բայց այս տեսակի համար այն խիստ պահանջված է: Գոնե երեք տարի անց մի քանի հարված իջնի խաղամոլի գլխին, և որոշ ժամանակ չլսենք ոչ անունը, ոչ էլ իր աշխարհացունց վերլուծությունները:

Ամբողջ հայությունը գիտի, թե ինչպես է Քոչարյանը բարձրացել և ամրապնդվել իշխանական աստիճանակարգում: Այդ գործընթացում թափած արյան քանակով դոնորական մի հաստատություն կարելի էր ստեղծել, իսկ Արցախի դպրոցների օգնությունը խաղադրույքի վերածած Վարդանյանը եկել ու հեքիաթներ է պատմում:

Քոչարյանը փողոցային պայքար սկսել է 7 ամիս առաջ: Ուրիշ բան, որ այն տապալվեց: Ինչ վերաբերում է մի անգամ 30 հազար մարդ հրապարակ հանելուն, ապա դա ամենևին ցուցիչ չէ: Մի բան է մեկ ժամով հրապարակ մարդ բերելը, մեկ այլ բան՝ օրերով ու շաբաթներով նրանց այնտեղ պահելը: Ընտրություններից հետո փողոցային պայքար չսկսելը ոչ թե Քոչարյանի արյուն չթափելու ցանկության, այլ գոնե մեկ անգամ ռեսուրսները ճիշտ հաշվարկելու մասին է վկայում: Ինքը գիտի, որ հրապարակ բերված մարդիկ որևէ դեպքում այնտեղ չեն գիշերելու, չեն կանգնելու ջրցանի դեմ, չեն ընկնելու ոստիկանական մահակի տակ: Մի պարզ պատճառով՝ ուրիշ բնություն ունեն: Նրանք կարող են մի քանի օր լինել ընդդիմադիր, ընտրության օրը լինել «տասովշիկ», բայց ոչ երբեք ամիսներ ու տարիներ շարունակ անհավասար պայքար մղել իշխանության դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ