Ստացվում է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն իրենք իրենց դեմ դիմում են ներկայացրել ՍԴ․

Սահմանադրական դատարանը միավորել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը և նիստի օր նշանակել հուլիսի 9-ը: Զեկուցող դատավորը Էդգար Շաթիրյանն է։ Օրենսդրության համաձայն, ՍԴ-ն որոշում պետք է կայացնի 15-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 17-ը:

Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանի հետ, ով նշեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը թույլ է տալիս միևնույն հարցի վերաբերյալ դիմումները միավորել մեկ վարույթում:

«Դա իրականացվում է ՍԴ աշխատակարգային որոշմամբ՝ ելնելով գործի արդյունավետ և արագ քննության անհրաժեշտությունից: Դա, բնականաբար, ճիշտ որոշում է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիմելու հիմքերին, Խալաթյանը նշեց. «Դրանք ակնհայտորեն անհիմն դիմումներ են, քանի որ չկա որևէ իրավական հիմք, որը թույլ կտար անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ անգամ երկրորդ փուլ նշանակել, որովհետև և «Ընտրական օրենսգիրքը» և «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքը հստակ սահմանում են, թե որ դեպքերում է հնարավոր ընտրությունները անվավեր ճանաչել կամ վերանայել արդյունքները:

Խոսքը վերաբերում է այնպիսի ընտրախախտումներին, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, և հնարավոր չէ որոշել ընտրությունների արդյունքները այդ ընտրախախտումների հետևանքով: Այսինքն խոսքը վերաբերում է թե ծավալային առումով, թե որակական առումով ընտրախախտումների այնպիսի համակցությանը, որոնց պարագայում ընտրական գործընթացը խաթարված կլինի: Այս դեպքում մենք նման խնդիր չունենք, քանի որ ընտրություններն անցել են ազատության, արդարության պայմաններում»:

Նա նկատեց, որ ընտրական պրակտիկան ցույց է տալիս, որ որպես կանոն նման մասշտաբի խախտումներ թույլ է տալիս քաղաքական իշխանությունը, իսկ այսօրվա իշխանությունն արդեն երկրորդ անգամ հավատարիմ է մնացել ժողովրդավարության հաստատման իր հանձնառությանը՝ անցկացնելով ժողովրդավարական ընտրություններ և դեմ գնալով ցանկացած ընտրախախտման:

«Փոխարենը հենց դիմումատուներից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն են, որ դիմել են «հին ու բարի» մեթոդներին, իհարկե, ավելի սահմանափակ ծավալներով, քանի որ գտնվել են իրավապահներին խոշորացույցի տակ: Բայց, բոլոր դեպքերում արձանագրված ընտրախախտումները վերաբերում են իրենց, այլ ոչ թե «Քաղաքացիական պայմանագրին»: Այսինքն ստացվում է, որ դիմումատուներն իրենք իրենց դեմ դիմում են ներկայացրել ՍԴ: Եթե ՍԴ-ն չկայացնի հանցավոր որոշում, չկատարի հանցագործություն՝ չեղարկելով ընտրությունների արդյունքները, բացառվում է դրանց որևէ իրավական ճանապարհով արդյունքների վերանայումը ՍԴ կողմից»,-ընդգծեց Խալաթյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ