«Խնածախից ադրբեջանցիները վաղ առավոտյան անասուններ են տարել. Հովիվը որդու հետ է դաշտում եղել…». Շադունց

Սյունիքի մարզի Խնածախ համայնքում կրկին միջադեպ է գրանցվել։ Ադրբեջանցիները՝ ներկայացնելով, թե հայկական հողում արածող անասունները հատել են սահմանը, վերցրել են հայ հովվի երեք կենդանիներին։

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ 6։30-ի սահմաններում. Խնածախի բնակիչը զանգել ու համայնքի ղեկավարին տեղեկացրել է, որ անասուններին դաշտ տանելուց ստիպված է եղել դրանք թողնել ադրբեջանցիներին

«Անասունները դաշտ տանելուց՝ պոստի մոտով են անցնում, որը գյուղին շատ է մոտ։ Անասուններից երեքը ադրբեջանցիները վերցրել են՝ ասելով, որ դրանք մտել են իրենց տարածք։ Արագ զանգահարել եմ կորպուսի հրամանատարին, տեղյակ ենք պահել ռուս խաղաղապահներին ու երեք ժամվա ընթացքում հարցը լուծվել է , կենդանիներին հետ են տվել»։

Տարածքում կենդանիները հաճախ են շփոթվում՝ բնազդաբար նախկին տարածքներում են արածում։ Ըստ Շադունցի՝ հովիվը որդու հետ է բարձրացել դաշտեր։ Ընտանիքը անասնապահությամբ է զբաղվում որպես ապրուստի միջոց, ֆինանսապես ապահովված չեն եղել։

«Ադրբեջանցիները մեր հովվի նկատմամբ ոչինչ չեն ասել։ Հեր ու տղա են եղել։ Երեխան գնացել է հորը օգնելու, անասունն էլ էդ պահին անցնելուց են եղել, էդ պահին կարողա մի 5-10 մետր անցած լինեն, իրենք առիթից օգտվել են տարել են կենդանիներին, բայց բանակցությունների արդյունքում հետ են տվել»։

Սահմանապահները կանգնած են սահմանին՝ զենքով, բայց ակնհայտ զենքի ցուցադրություն չի եղել ։ Շադունցն ասում է, այս պահին հաջողվում է կենդանիներին հետ բերել, բայց չգիտեն՝ որքան ժամանակ կարող են այսպես հարցը լուծել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ