«ՀԱՊԿ-ում իրենց էշի տեղ են դրել, ԱԽ քարտուղարը Զասի հետ զրույցում հստակ պաշտպանել է Հայաստանի շահերը…». Լևոն Շիրինյան

Երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որտեղ իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը:

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ դրանով Արմեն Գրիգորյանը մեր շահերն է պաշտպանել. «Ուղղակի իրենց համար զարմանալին այն է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյան պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերը: Իրենք իրենց էշի տեղն են դրել, օրենքը հստակ գրված է, բայց իրենք իրենց արդարացնում են, թե դա ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին չի համապատասխանում: Բայց օրենքը կոնկրետ է գրված, որ եթե Հայաստանի տարածքի դեմ ոտնձգություն է կատարվել, դա ՀԱՊԿ-ի գործն է: Եթե նշում են, որ դա սահմանային միջադեպ է, ապա պետք է հստակեցնեն, թե այդ սահմանային գոտին ինչքան է: Ասենք, եթե ճիշտ նույնքան չափով Ճապոնիան մտնի Կուրիլյան կղզիների տարածք, արդյոք դա կհամարվի՞ սահմանային միջադեպ, թե՞ ներխուժում: Այնպես որ, ես կարծում եմ, որ Հայաստանը սրանով առաջին անգամ կարողացավ ըստ արժանվույն արձագանքել»:

Հարցին, թե սա ինչպե՞ս կընկալվի Ռուսաստանի կողմից, Շիրինյանը պատասխանեց. «Իրենց ուզածն այն է, որ ճորտերը ձայն չհանեն: Ես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, բայց այս իշխանությունն իրականում լեգիտիմ ու ժողովրդավարական է, որը ունի նաև Արևմուտքի աջակցությունը, ինչն ակնհայտ է: ԵՄ-ն 1,5 մլրդ եվրո է հատկացնում, Ֆրանսիան է բացահայտ աջակցում, կա Հնդկաստանի աջակցությունը և այլն: Սա նշանակում է, որ Հայաստանն ունի մեկնաբանելու օբյեկտիվ հիմքեր և մեկնաբանել է: Հիմա էնտեղ կճարեն մի քանի մանկուրտ հայերի, որոնք փրփուրը բերաններին կսկսեն վայրահաչել Հայաստանի հասցեին՝ Սիմոնյան, Միրզաև և այլն: Բայց Հայաստանն իր շահերն է պաշտպանելու: Նրանք պետք է հասկանան, որ գողապետությունը Հայաստանում վերջնականապես տապալված է վերջին ընտրություններում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ