Շուրջ 6 ամսում մեքենաների համարանիշների գողության 547 դեպք է արձանագրվել․ ինչ քայլեր են ձեռնարկվում

Վերջին շրջանում զգալի շատացել են ավտոմեքենաների պետական համարանիշների գողության դեպքերը։ Դրանք հափշտակողները, սովորաբար, ավտոմեքենաների դիմապակիներին թողնում են իրենց կողմից օգտագործվող «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված օգտանունները, դրանցով որոշակի գումար պահանջում՝ օրինակ՝ 60․000 դրամ, հորդորում այն փոխանցել ինչ-որ հաշվեհամարի, ինչից հետո պատրաստակամություն հայտնում ասել, թե որտեղից կարող են վերցնել համարանիշները։ ԱԱԾ տվյալներով, ոչ միայն գումար, այլ նաև փոխանցումներ են պահանջում կրիպտոարժութային դրամական միջոցների իրենց հաշվեհամարներին՝ իսկ չփոխանցելու դեպքում սպառնում ոչնչացնել այդ համարանիշները

Ի պատասխան Իրավաբան.net-ի գրավոր հարցման ոստիկանությունից պատասխանել են, որ 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ավտոմեքենաների հաշվառման համարանիշների գողության 547 դեպք է արձանագրվել, որից բացահայտվել է 10-ը։

Երևան քաղաքում կատարվել է 513, մարզերում՝ 14 գողության դեպք․

հունվար – 43, որից 38-ը Երևանում, 5-ը՝ մարզերում,
փետրվար – 68, որից 66-ը Երևանում, 2-ը՝ մարզերում,
մարտ – 56, որից 55-ը Երևանում, 1-ը՝ մարզերում,
ապրիլ – 81, որից 77-ը Երևանում, 4-ը՝ մարզերում,
մայիս – 187, որից 178-ը Երևանում, 9-ը՝ մարզերում,
հունիս (մինչև 20-ը) -112, որից 99-ը Երևանում, 13-ը՝ մարզերում։
Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ավտոմեքենաների հաշվառման համարանիշների գողության 128 դեպք է արձանագրվել, որից բացահայտվել է 8-ը։

Երևան քաղաքում կատարվել է 119, մարզերում՝ 9 գողության դեպք․

հունվար – 9, որից 8-ը Երևանում, 1-ը՝ մարզերում,
փետրվար – 18, որից 15-ը Երևանում, 3-ը՝ մարզերում,
մարտ – 16, որից 16-ն էլ Երևանում,
ապրիլ – 21, որից 20-ը Երևանում, 1-ը՝ մարզերում,
մայիս – 33, որից 31-ը Երևանում, 2-ը՝ մարզերում,
հունիս (մինչև 20-ը) -31, որից 29-ը Երևանում, 2-ը՝ մարզերում։
Հավելենք, որ խնդրի լուծման համար ոստիկանությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ հանրային քննարկման է ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի սահմանել այնպիսի կարգավորումներ, որի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։

Նախագծով առաջարկվող նմանօրինակ լուծում տրվել է նաև Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների կողմից։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայիս գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշների փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ հերթական կամ մեծ պահանջարկ ունեցող նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ՝ վճարելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1496-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։

Ֆեյսբուքի տարբեր խմբերում վարորդները փորձում են նաև իրար օգնել՝ հրապարակելով լուսանկարներ, որով հայտնում են, որ ինչ-որ վայրից համարանիշ են գտել, հիմա փնտրում են տիրոջը՝ իրեն փոխանցելու համար։ Հրապարակումների համաձայն, դրանք հիմնականում գտնվում են ոչ մարդաշատ վայրերից։

Դատախազությունն առաջարկում է արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսել։

2020թ. և 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել: Ըստ այդմ՝ 41 գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:

Արձանագրված դեպքերի համեմատ քիչ թվով քրեական գործեր հարուցվելու հանգամանքը պայմանավորված է գործնականում տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության որակման հարցի շուրջ առկա տարակարծություններով: Մասնավորապես՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշները հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որևէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ արարքների կատարմամբ բոլոր դեպքերում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է գումար, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների դեպքում կարող է հասնել մինչև 8 միլիոն ՀՀ դրամի: Տվյալ դեպքում, հաշվի առնելով համարանիշի վերականգնման նորմատիվ իրավական ակտերով սահմանված արգելքը, որպես վնաս կարող է դիտարկվել միայն դրա վերականգման համար վճարվելիք գումարը, այն է՝ պետական տուրքը:

Դատախազության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխության ընդունման դեպքում ակնկալվում է ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաև շորթման համար: Արդյունքում հիշյալ հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը կդառնա առավել թիրախային, կապահովվի իրավական որոշակիությունը և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը:

Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ էլ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, նշել է․ «Ոստիկանությունն այլ մարմինների հետ համատեղ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ: Մի քանի ուղղությամբ լուծումներ են առաջարկվում: Մի տարբերակը չիպերով պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր կլինի դրանց գտնվելու վայրը ֆիքսել, դրան զուգահեռ նաև կխստացվի տվյալ հանցագործության համար նախատեսված պատասխանատվությունը»։

Նշենք, որ հունիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որ մեքենաների համարանիշների գողությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել։ ԱԱԾ-ն քաղաքացիներին հորդորում է նմանօրինակ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած լինելու դեպքում, նախքան հանցավորների հետ բանակցությունների մեջ մտնելը, այդ մասին անհապաղ հայտնել ՀՀ իրավապահ մարմիններին՝ արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու և Հայաստանի Հանրապետությունում նույն հանցավոր սխեմայով գործող այլ խմբավորումները բացահայտելու նպատակով:

Միաժամանակ, տրանսպորտային միջոցների այն սեփականատերերին, ում հաշվառման համարանիշները հափշտակելուց հետո ավտոմեքենաների դիմապակիներին թողնվել են «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված «@RR407», «LIMONA 001» և «DUDI 001», «CRIMINAL NIGHT», «Թութան Համոն» անվամբ էջերի տվյալները, առաջարկվում է այդ մասին հայտնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու և նրանց պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ