Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը արձանագրել է Սղնախի հայկական գերեզմանոցի պղծման փաստը

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական գերեզմանոցների պղծման փաստին: Կազմակերպությունը թվիթերի իր միկրոբլոգում նկարներ է հրապարակել ու գրառում արել.

«Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը հաստատում է Սղնախ գյուղի հայկական գերեզմանոցի ավերածության փաստը, որի մասին առաջինը զեկուցել էր Հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: Այդ տարածքը բուլդոզերներով ավերվել է ճանապարհային շինարարության նպատակով»,- նշվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ հայկական գերեզմանոցը ստեղծվել է 18-րդ դարի կեսերին և օգտագործվել մինչև այն պահը, երբ հայերը 2020-ի աշնանը տեղի ունեցած պատերազմի պատճառով տարհանվել էին գյուղից: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ավերածությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ից մինչև հունիսի 18-ը:

Սա Մեծ Թաղերից հետո ավերված երկրորդ պատմական գերեզմանոցն է: Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել գերեզմանոցների ավերումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ