«Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու համար կաշառք տալու փաստով 2 անձ կալանավորվել է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողներին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Երկու անձ կալանավորվել է։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը՝ ստորև.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով՝ համատիրության կառավարիչ Վ. Վ.-ն նույն համատիրության հաշվապահ Շ. Դ.-ի օժանդակությամբ ընտրողներին տվել է կաշառք:

Մասնավորապես՝ Վ. Վ.-ն 2021 թվականի հունիսի 5-ին հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկին և նրան տվել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Շ. Դ.-ն իր հերթին ընտրողի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակել է Վ. Վ.-ին և պատրաստակամություն հայտնել հանդիպել ու նույն հարցի շուրջ զրուցել ընտրողի կնոջ հետ:

Ընտրողին տրված՝ կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է վերջինիս մոտից:

Բացի այդ, Վ. Վ.-ն Շ. Դ.-ի օժանդակությամբ 2021 թվականի հունիսի 5-ին կաշառք է առաջարկել նույն վարչական շրջանի մեկ այլ բնակչի: Շ. Դ.-ի խորհրդով Վ. Վ.-ն հանդիպել է հիշյալ ընտրողի հետ և վերջինիս առաջարկել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրությանը մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, սակայն ընտրողը հրաժարվել է կողմ քվեարկել նշված դաշինքի օգտին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Շ. Դ.-ին՝ 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ