Իսահակյան գյուղի ինքնասպան եղած անասնաբույժը գրություն է թողել

Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել կախվելու միջոցով:

Նրան երեկ իր տանը կից գոմի մուտքում հայտնաբերել են գյուղի անասուններին ստուգելու համար Իսահակյան եկած բժիշկները: Նշենք, որ այս գյուղում սիբիրյան խոց է հայտնաբերվել, և գյուղի բոլոր անասուններն այժմ հետազոտվում են:

«Ես առավոտ զանգեցի, Ռուստամը զանգին չպատասխանեց, էդ բժիշկները, որ եկել են, գնացել են, որ իրանց անասուններին էլ ստուգեն, տանը հարցրել են, կինն ասել է՝ գնացել է գյուղապետարան, բայց չէր եկել: Էդ բժիշկներն էլ մտել են գոմ, որ կենդանիներին տեսնին, հենց մուտքի մոտ տեսել են, որ կախված է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Իսահակյանի համայնքապետ Արտավազդ Արսենյանը:

Ինչո՞ւ է 70-ամյա անասնաբույժն ինքնասպան եղել: Համայնքապետն ասում է՝ այդ հարցն իրեն էլ է շատ տանջում, բայց պատասխանը չգիտի: Չի կարծում, թե գյուղում հայտնաբերված սիբիրյան խոցը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ: Հիվանդության դեպքերի հայտնաբերումից հետո խոսք ու զրույց չի եղել: Ըստ Արսենյանի՝ անասնաբույժը մեկ ամիս առաջ էլ է փորձել կյանքին վերջ տալ, տանեցիները կանխել են:

«Երեկ որ իրենց տանն էի, կինը պատմեց, որ մի ամիս առաջ էլ փորձել է մկնդեղ խմել, ուզեցել է կախվել, չեն թողել, բայց թե երեկ ինչ է եղել, արդեն անհայտ է: Թե ինչից դրդված էդ քայլին գնաց, մենակ ինքը գիտե: Հարգված մարդ էր, խելացի մասնագետ էր: Ինքը ինչ-որ հիվանդություն ուներ, ոտքը ցավում էր, կաղում էր»,- ասաց համայնքապետը:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Կատարվում է նախաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:

Կան վարկածներ, որոնց կապակցությամբ քննություն է տարվում: Անասնաբույժը, ըստ դատախազի, գրություն է թողել:

Հիշեցնենք, որ Իսահակյան գյուղից Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ