11-ամյա 2 տղաների հոսանքահարման և մահվան դեպքով ՔԿ-ում քրգործ է հարուցվել

Հունիսի 17-ին Երևան քաղաքի փողոցներից մեկում հոսանքահարված պատանիների դեպքով Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ և գործն ուղարկել Քննչական կոմիտե։ Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն անվտանգության պահանջներին

չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու և ավելի անձանց մահ։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Ոստիականության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրելյանը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն էլ նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Նազարբեկյան Գ-1 թաղամասում։ Նրա խոսքով՝ այնտեղ տեղակայված ենթակայանը, որը հոսանքահարել է պատանիներին՝ մասնավոր է և ունի սեփականատեր․ «Գործը նախաքննության փուլում է, հիմա հավաքագրված նյութերի հիման վրա ճշտումներ են արվում»։

Նշենք, որ Քրեական օրենսգիրքը 279-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանում է պատիժ 4-10 տարի ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ըստ shamshyan.com-ի՝ հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։ Նա նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։

Նրա հետ նշված կենտրոն է տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը, որը ևս օրեր անց մահացավ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ