Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից ծնողներին հրահանգել են երեխաներին տուն տանել․ Ո՞րն է պատճառը


Այսօր առավոտյան «Մանկապարտեզը եւ երեխաները» խմբում նախադպրոցական տարիքի երեխաների ծնողներն ահազանգում էին, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք մանկապարտեզներից ծնողներին զանգում եւ ասում են, որ երեխաներին տուն տանեն, որովհետեւ ջուրը թունավորված է: Մասնավորապես, մատնանշվում են Երևանի թիվ 153, 149 և 151 մանկապարտեզները:

153 մանկապարտեզի տնօրեն Իննա Սարգսյանը մեր զրույցում հաստատեց, որ ծնողներին կանչել են՝ երեխաներին տուն տանելու համար, որովհետեւ իրենց այդպես հրահանգել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից: Այլ մանրամասներ տնօրենը չհաղորդեց: Նմանատիպ պատասխան ստացանք նաեւ նույն վարչական շրջանի 149 մանկապարտեզից:

Ծնողներից մեկն էլ նշեց՝ խնդիրը միայն մանկապարտեզում չէ, խմելու ջուրը դեղին գույնի է, լուրեր կան, որ խմելու ջուրը խառնվել է կոյուղաջրին:

ԳՈՎԱԶԴ00:27Իմանալ ավելին
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեր զրույցում հաստատեց, որ ջրագծի վնասման հետ կապված խնդիրներ կան, ինչը, նրա խոսքով՝ ջրի թունավորում չէ: Իսկ թե ինչ խնդիր է, պարզում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ապահովության համար Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը հրահանգել է մանկապարտեզների տնօրեններին, որ մանկապարտեզներն այսօր ուղղակի չաշխատեն, ջրից չօգտվեն՝ մինչեւ խնդիրը կպարզվի:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ առողջապահության նախարարության եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները տեղում աշխատում են՝ հասկանալու համար ջրից թունավորման ահազանգը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՝ ոչ: «Ցանկացած պատասխանի դեպքում նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,-ասաց Խաչատրյանը:

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն էլ նշեց՝ աշխատակիցները հիմա տեղում աշխատում են. հավելյալ մանրամասների համար խոսնակը խնդրեց զանգահարել երկու ժամից:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյբուքյան պաշտոնական էջով էլ քիչ առաջ հայտարարություն է տարածվել, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացվել են ահազանգեր այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:

«Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները:

Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նկատենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջով ավելի վաղ տարածվել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր, որ լուրը, թե խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ, սակայն գրառումը մոտ մեկ ժամ հետո ջնջվել է պաշտոնական էջից:

Խմելու ջրի պղտոր լինելու հետ կապված ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել նաեւ Առինջ համայնքը՝ հորդորելով համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը:

««Վեոլիա ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը՝ մինչ խնդրի կարգավորումը», — նշված է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ