Ընտրակաշառքի գործով ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրակաշառքի գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Արամայիս Ապրոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Կալանավորման որոշում կայացնելով դատարանը հաստատված էր համարել հիմնավոր կասկածը, իսկ կալանավորման հիմքերից՝ խոչընդոտման ռիսկը։

Պաշտպանները դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Մասնավորապես, Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ առհասարակ խոչընդոտման ռիսկ չկա, քանի որ Ապրոյանի դեմ ցուցմունք տվող անձի հետ կատարվել է առերեսում, թեև առանց պաշտպանների մասնակցության, սակայն կարևոր է, որ կատարվել է, ուստի՝ այդ պայմաններում խոչընդոտման վտանգ առհասարակ գոյություն չունի։

Բացի դա՝ պաշտպանության կողմը բարձրաձայնել է նաև պաշտպանության իրավունքի խախտումների վերաբերյալ հարցերը, քանի որ պաշտպանների ներգրավման գործընթացը ձգձգել են՝ այդկերպ խոչընդոտելով քննությանը և պաշտպանական իրավունքի արդյունավետ իրացմանը։

Ի դեպ, թեև պաշտպանության կողմը բարձրաձայնել էր Ապրոյանի մասնակցությամբ կրկին առերես հարցաքննություն իրականացնելու անհրաժեշտության մասին՝ արդեն պաշտպանների մասնակցությամբ, սակայն առերեսում այդպես էլ չի իրականացվել։ Ավելին՝ կալանավորվելուց հետո Ապրոյանի մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություն չի կատարվել, միայն հայտնի է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին, որին պաշտպանության կողմը պետք է ծանոթանա։

«Որպես այդպիսին՝ քննչական գործողություն մեր պաշտպանյալի մասնակցությամբ չի եղել»,- նշեց փաստաբանը։

Վերաքննիչ բողոքը քննվել է այսօր, ինչից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 14։30-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նույն օրը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Քրեական գործի շրջանակներում ի սկզբանե ձերբակալվել էր երկու անձ, այդ թվում՝ Արամայիս Ապրոյանը։ Քրեական գործով ևս 6 անձի նկատմամբ կիրառվել է նույն խափանման միջոցը։Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Արամայիս Ապրոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արամայիս Ապրոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ