«Հուլիսին նույնպես շոգ է լինելու. օդի ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի…». Գագիկ Սուրենյան

Հուլիսին նույնպես շոգ է լինելու, ՀՀ ողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հանրապետության հովտային շրջաններում
(Արարատյան դաշտավայրում և Երևանում) առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40 +41 աստիճանի, բայց ի տարբերություն հունիսի, կլինեն օրեր, երբ կունենանք նաև սառը հոսանքի ներթափանցում: Շոգերը ժամանակ առ ժամանակ կընդհատվեն սառը օդային հոսանքներով, որոնք Հանրապետության առանձին հատվածներում կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:

Տեղումների քանակը հուլիսին Հանրապետութունում կանխատեսվում է նորմայի սահմաններում:

Ամսի 3-4 սպասվում է հերթական տաք հոսանքի ներթափանցումը Իրաքի տարածքից, ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է մոտ 4-5 աստիճանով, իսկ ամսի 4-ին կլինի բարձր ջերմային ֆոն՝ +40 +41 աստիճան՝ Երևանում, Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովտային գոտում, բայց սա կարճ կտևի: Հուլիսի 6-ից սկսած՝ օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, տաք օդի հոսանքը կնահանջի՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող սառը օդային հոսանքներին և օդի ջերմաստիճանը կնվազի: Հուլիսի 6-7-ը կունենանք ջերմաստիճանային անկում և ջերմաստիճանը դառնա +35 +36 աստիճան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ