Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը:
Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը, ինչպես նաև գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի բովանդակության, դրանում արծարծված հարցերի, գրքի կառուցվածքի, այլ հեղինակների ազդեցության, ինչպես նաև դրա գեղարվեստական, գրականագիտական և քաղաքական նշանակության մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին գնահատականների համար՝ դրանք որակելով փոխլրացնող և իր խոսքում անրադարձել գրքի ստեղծման պատմությանը, դրա շարժառիթներին. «Այսօր որոշել եմ գրքի ստեղծման ամբողջ համատեքստը բացել և նրա հետագա ճակատագիրը: Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, այսինքն՝ Հակոբ Սիմիդյանը ամեն օր գնում-գալիս էր և ասում էր, թե ինչ կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում են այս կամ այն դեսպանատանն է թաքնված, բայց ամենամեծ կարծիքն այն է, որ Դուբայում են տեսել, Աթենքում և այլն:
Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է, որ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ զինված դիմադրության իմիտացիա ստեղծեն և ֆիզիկապես ոչնչացնեն:
Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, և ես առաջինը մտածում էի հետևյալը. եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, հարց է՝ մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ ո՞վ էր, ի՞նչ էր ուզում անել, ինչո՞ւ եկավ, ի՞նչ արեց, և ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ բովանդակություն, որ եթե որևէ մեկին երբևէ հետաքրքրի՝ այդ ի՞նչ էր և ո՞վ էր, ինքը կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև քաղաքական տեքստերը, ելույթները այդքան խորը չեն կամ եթե նույնիսկ խորն էին, խորքն այդքան տեսանելի չէ, որովհետև շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում և երկրորդը, ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Հայաստանում եմ, Երևանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը՝ գրել ի սկզաբեն հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Այս երկու մոտիվացիան է եղել: