ՀՀ քաղաքացու համար այլեւս անառարկելի փաստ է, որ ինքն է իսկապես որոշում իշխանության ճակատագիրը. Փաշինյան

Մենք բարեհաջող ավարտեցինք խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ուրախ եմ արձանագրել, որ միջազգային եւ տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է, որ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նոր ստանդարտ ենք ըստ էության սահմանել: Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2018 թվականին, երբ տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ միջազգային հանրությունը աննախադեպ բարձր գնահատականների արժանացրեց այդ ընտրությունները, այն ժամանակ կար այսպիսի մի կոնտեքստ, որ ասում էին ընտրությունների արդյունքները ակնհայտ էին նախապես բոլորի համար եւ գործող Կառավարությունը կեղծելու անհրաժեշտություն չուներ ընտրությունների արդյունքները»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց՝ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին եւ բոլորը գիտեին, որ թերեւս 3-րդ հանրապետության պատմության ամենաանկանխատեսելի ընտրություններն էին անցկացնում. «Շատ կարեւոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը եւ մեր քաղաքական արժեհամակարգը: Ինչպես մեր հանրությանը խոստացել էինք՝ ընտրությունների արդյունքների եւ ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունը մեզ համար անկյունաքարային արժեք է»:

Փաշինյանը նշեց, որ հարուցված են քրեական գործեր ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսեւորումների վերաբերյալ. «Ես համոզված եմ, որ դրանք պատշաճ քննություն եւ համապատասխան ընթացք կստանան: Ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջը իսկապես անշրջելիորեն փակված է: Ամենակարեւոր արձագանքը, որ ընտրություններից հետո մենք ստանում ենք հետեւյալն է՝ ՀՀ քաղաքացու համար այլեւս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է ՀՀ-ում եւ ինքն է իսկապես որոշում իշխանության ճակատագիրը ՀՀ-ում: Սա կարեւոր քաղաքական արձանագրում է եւ ուրախ եմ, որ մենք այս բարդ ճգնաժամի միջով անցնելով ի վերջո եզրափակում ենք եւ ամփոփում ենք այս արձանագրմամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ