«ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է…»․ Նիկոլ Փաշինյան

 «Մենք բարեհաջող ավարտեցինք խորհրդարանական ընտրությունները։ Ուրախ եմ արձանագրել, որ միջազգային դիտորդները, միջազգային հանրության և տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է, որ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։ Մենք ըստ էության նոր ստանդարտ ենք սահմանել»։

Նա նաև բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 2018 թվականին, երբ որ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ և միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականների արժանացրեց այն ընտրությունները, այն ժամանակ կար այսպիսի մի կոնտեքստ, որ ասում էին ընտրությունների արդյունքները ակնհայտ էին նախապես բոլորի համար և գործող կառավարությունն այսպես ասած, ընտրությունների արդյունքները կեղծելու անհրաժեշտություն չուներ։

«2021 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին և բոլորը գիտեին՝ երրորդ հանրապետության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն ենք անցկացնում և շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը և մեր քաղաքական արժեհամակարգը և ինչպես մեր հանրությանը խոստացել էինք՝ ընտրությունների արդյունքների և ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունը մեզ համար անկյունաքարային արժեք է։ Իհարկե հարուցված են քրեական գործեր ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու, այլ դրսևորումների վերաբերյալ և ես համոզված եմ, որ դրանք պատշաճ քննություն կստանան և համապատասխան ընթացք կստանան։ Բայց ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է և ամենակարևոր արձագանքը, որ ընտրություններից հետո մենք ստանում եք, ես գոնե լսել եմ, հետևյալն է, որ ՀՀ քաղաքացու համար այլևս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է ՀՀ-ում և ինքն է որոշում իշխանության ճակատագիրը ՀՀ-ում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա կարևոր քաղաքական արձանագրում է և ինքն ուրախ է, որ այս բարդ ճգնաժամի միջով անցնելով ի վերջո եզրափակում են և ամփոփում են այս արձանագրմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ