Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով ավտոբուսների մասին, որոնք առաջիկայում դուրս են գալու երթուղիներ, ասել է, որ դրանք շատ լավ վիճակում են ու նոր են:
Քաղաքապետարանը երեկ տեղեկացրել էր, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում կան 70 ավտոբուսներ, որոնք մինչեւ այժմ չեն շահագործվել: Այդ ավտոբուսներն, ի դեպ, տարիներ առաջ Չինաստանից ստացված նվերի մի մասն են:
Քաղաքապետը չի կարծում, թե ավտոբուսների տեւական այս անգործությունը եղել է վարորդներ չլինելու պատճառով: Նախկին իշխանությունները հենց դրանով էին պատճառաբանում շարժակազմի պարապուրդը:
«Մենք պետք է ներգրավենք նոր վարորդներ: Այժմ զբաղված ենք այդ աշխատանքով: Չեմ կարծում, որ դա էր պատճառը: Այստեղ պատճառները կարող են շատ լինել»,- ասաց նա (նկատենք, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ավելի վաղ վստահեցրել էր, որ վարորդների խնդիր արդեն չկա, եւ նրանք համալրված են):
«Այս պահին քաղաքային իշխանությունների ձեռքերը լրիվ ազատ են, ոչ մի կապվածություն չունեն ոչ մի բիզնեսի հետ ու ոչ որեւէ մեկի հետ որպես անհատ եւ կազմակերպություն: Մենք հանգիստ գործում ենք միայն ի նպաստ մեր քաղաքացիների եւ հանգիստ կարողանում ենք անել այն, ինչ չէին կարողանում անել առաջ»: