Երբ է սկսվել Հայաստանի ընդերքի անխնա շահագործումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի գործող իշխանություններին ոչ մեկ անգամ մեղադրել է երկրի ընդերքն անխնա շահագործելու, տնտեսության կառուցվածքը դեպի հանքարդյունաբերություն ձևախեղելու մեջ։

Դեռ անցած տարի օգոստոսին երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, թե «այսպիսի ինտենսիվությամբ ընդերքը Հայաստանում երբեք չի շահագործվել։

Մեզ խոստացել են ճիշտ հակառակը, որ ավելի գիտատար, ավելի բարձր ավելացված արժեքներ ստեղծող ոլորտներ պետք է զարգանան։ Ի՞նչ ունենք․ ունենք անխնա ընդերքի շահագործում». գրում է yerevanlur.am-ը:

Քոչարյանի ընդդիմախոսները նշում են, որ ՀՀ տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերի դոմինանտության սկզբը դրվել է հենց նրա նախագահության տարիներին, իսկ ինքը՝ Քոչարյանն անձամբ դարձել է ընդերքը շահագործող հանքերի սեփականատեր կամ բաժնետեր։

Վիճակագրությունը ևս վկայում է, որ հանքարդյունաբերությունն արագ տեմպերով սկսել է զարգանալ հենց Քոչարյանի պաշտոնավարման տարիներին։ Այսպես, ըստ ՀՀ տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարության տվյալների, 1999-2008թթ. ընդերքի շահագործման թույլտվություն ստացել է 492 կազմակերպություն, 2008-2018թթ-ին` 192 կազմակերպություն։ Մետաղական հանքավայրեր ևս ավելի շատ են գործել 2007թ-ին՝ 14 հանքավայր՝ 2020 թ-ի 10-ի համեմատ։

2007թ-ի համեմատ Հայաստանից արտահանվող հանքաքարեր և խտահանքերի ծավալը 2019-ին կտրուկ ավելացել է, օրինակ՝ միայն պղնձի մասով աճը կազմել է 9․2 անգամ։

Բնականաբար, ավելացել է նաև հանքարդյունաբերության ոլորտի կողմից վճարված հարկերի ծավալը, մասնավորապես՝ 2007թ-ին 38․9 մլրդ դրամ, իսկ 2019թ-ին՝ 76․7 մլրդ դրամ։

Սակայն թեև ՀՀ երկրորդ նախագահը քննադատում է ՀՀ գործող իշխանություններին՝ ընդերքի չարաշահման համար, այնուամենայնիվ հենց Քոչարյանն է ընտրական դաշն կնքել մեր երկրի ամենախոշոր հանքարդյունահանողներից մեկի՝ Վահե Հակոբյանի հետ։ Ըստ ՊԵԿ-ի ցուցանիշների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) անցած տարի վճարել է 41 մլրդ 689 մլն դրամ, 2007-ին նման վիճակագրություն հասանելի չէ, սակայն 2017-ին, նախքան հեղափոխությունը, այդ ցուցանիշն ընդամենը 18 մլրդ 670 մլն դրամ էր։ Տարբերությունը 2․2 անգամ է։ Նույն ՊԵԿ-ի տվյալներով, եթե 2020 թ-ին արտահանվել է 509․8 հազար տոննա պղինձ, 2017-ին՝ 489․3 հազար տոննա, այսինքն՝ տարբերությունն ընդամենը 4% է։ Թե ինչպե՞ս է կարողացել ընկերությունն արտահանումների այս 4% ավելացման պայմաններում հարկերի ծավալն ավելացնել 2․2 անգամ, թերևս, կբացատրի Վահե Հակոբյանը։

Ի դեպ, ԶՊՄԿ-ի ցուցանիշներն ուսումնասիրելիս մի հետաքրքիր փաստ հանդիպեց․ 2021 թ-ի հունվարին ընկերությունում գրանցված է եղել 34 029 աշխատակից, բայց դրանից 1 ամիս առաջ՝ 2020-ի դեկտեմբերին եղել է ընդամենը 4454 աշխատակից, 2019-ին էլ այդ թիվը տատանվել է 4500-ի շրջակայքում, իսկ 2018-ի մայիսից առաջ եղել է մոտ 3800 աշխատակից։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին խոսակցություններն առավել առարկայական դարձան այս տարեսկզբին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ